Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, զորքեր է տեղակայել Իրանի հետ սահմանին և զինված ուժերը բերել բարձր մարտական պատրաստության։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական անկախ Qazetchi լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկությունը հրապարակվել է այն պահին, երբ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունները Իրանի դեմ արդեն չորրորդ օրն են շարունակվում, և տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։
Ըստ հրապարակման՝ բարձր պատրաստականության ռեժիմի են անցել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև Ներքին գործերի և արտակարգ իրավիճակների մարմինները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել և չի հերքել այս տեղեկությունը և չի արձագանքել լրագրողների հարցմանը, հայտնում է OC Media-ն։
Հաղորդվում է նաև, որ զինծառայողների արձակուրդները չեղարկվել են, արձակուրդում գտնվող սպաները հետ են կանչվել ծառայության, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայվել են անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձրությամբ թռչող թիրախների դեմ պաշտպանական համակարգեր։
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Յադիգար Սադըգլին OC Media-ին ասել է, որ նման քայլը բնական է տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում։ Նրա խոսքով՝ պատերազմական ռիսկերի աճի պայմաններում ցանկացած պետություն կարող է ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, քանի որ հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ՝ այդ թվում նաև հրթիռների կամ ռազմական գործողությունների տարածում հարևան տարածքներ։
Միևնույն ժամանակ որոշ ռազմական փորձագետներ քննադատել են նման տեղեկությունների հրապարակումը՝ նշելով, որ այն կարող է վնասել պետական անվտանգությանը, իսկ մյուսները ենթադրել են, որ զորքերի տեղակայումը կարող է կապված լինել նաև Իրանից հնարավոր փախստականների հոսքի կանխման հետ։



















