Ռուբեն Վարդանյան․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են իրենց իրավունքներից

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանը, որը Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտված, ասում է, որ ինքը և մյուս 18 հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բավարար ֆիզիկական վարժություններից, բժշկական հետազոտություններից և Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից։

Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված աուդիոուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ Ումբակի բանտում որոշ բանտարկյալներ շաբաթական հեռախոսազանգերի հնարավորություն չունեն, իսկ տեսազանգ կատարել չի կարող ոչ ոք։ «Երբ իմ խցակցին ձերբակալեցին, նրա երեխան 10 ամսական էր։ Հիմա երեխան 3 տարեկանից մեծ է և չի տեսել հորը», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ նա չի կարողացել նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ անցնել, օգտվել նոտարական ծառայություններից կամ բողոքներին գրավոր պատասխաններ ստանալ։ Նա նշել է, որ բանտարկյալներին շաբաթական մեկ անգամ ընդամենը 20-40 րոպե է թույլատրվում դուրս գալ մաքուր օդի, մինչդեռ նախատեսված է օրական մեկ ժամ։

Human Rights Watch-ը չի կարողացել անկախորեն հաստատել այս պնդումները։

Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտման վերաբերյալ մեղադրանքները։

Բանտարկյալների կապը ընտանիքների հետ ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը երկրում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորվածներին, նրանց հետ առանձնազրույցներ ունեցել, ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռել և գնահատել նրանց վերաբերմունքն ու պահման պայմանները։ Սակայն այժմ այցելությունները դարձել են ավելի հազվադեպ։

Վարդանյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մեկնելիս։ Այդ ժամանակ Ադրբեջանը ռազմական վերահսկողություն էր հաստատել տարածաշրջանի նկատմամբ, ինչից հետո ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքել էին այն։ Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 17-ին նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև այլ մեղադրանքներով։

Դատավարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդար դատաքննության վերաբերյալ։ Քաղաքացիները, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ դիտարկման համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են ամբաստանյալներին անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։

Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել ընտանիքների հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն և ամենօրյա բավարար ժամանակ տրամադրել բացօթյա վարժանքների համար։ Անհրաժեշտ է նաև ԿԽՄԿ-ին թույլատրել կանոնավոր մուտք ունենալ հակամարտության հետ կապված կալանավորվածների մոտ։

«Անկախ նրանից, թե որքան երկար դեռ կմնանք Ումբակիում, – ասել է Վարդանյանը, – խնդրում եմ գոնե պահպանեք ձեր իսկ օրենքները»։