«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
– Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարի այս որոշումը:
– Այնքան էլ իրատեսական չէր լինի կանխատեսել, որ Ադրբեջանի նախագահը կարող է մասնակցել այդ միջոցառմանը, այդ գագաթնաժողովին: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ նախաձեռնությունը ենթադրում է մասնակցության բացառիկ ձևաչափ՝ միայն պետության գլուխների մասնակցություն, այսինքն պետք է լիներ միայն Իլհամ Ալիևի մասնակցությունը, հետևաբար, ադրբեջանական կողմից, ինչպես և կանխատեսելի էր, մասնակցություն չի լինելու:
Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ երկկողմ հարաբերությունները դեռ այն աստիճան չեն զարգացել, որ խաղաղության պայմանագիր չստորագրած կողմերն իրականացնեն նման բարձր մակարդակի այցելություններ: Սա ամենակարևոր պատճառն է այս որոշման համար, երկրորդ՝ երբ 2024-ին Ադրբեջանում անցկացվեց COP29-ը, որի ժամանակ ակնկալվում էր հայկական կողմի այց, որն այդպես էլ տեղի չունեցավ, սա ևս ադրբեջանական կողմի համար կարող է հիմա փաստարկ լինել: Երրորդ՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի քաղաքականությունը, հատկապես Հայաստանի հետ կապված, կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը կնախընտրեր, որ առաջինն ինքն չայցելեր Հայաստան, այլ հանդես գար պատասխան այցով: Երևի թե սրանք են այն հիմնական պատճառները, որոնք այս որոշման հիմք են հանդիսացել:
– Նկատի ունեք, որ Ադրբեջանի ղեկավարը կայցելի Հայաստան միայն, երբ առաջինը Նիկոլ Փաշինյա՞նը մեկնի Ադրբեջան:
– Այո, Իլհամ Ալիևն այդ սկզբունքով կառաջնորդվի, եթե նկատել եք, ապա բոլոր ուղղություններով Ադրբեջանի ղեկավարի վարքագիծն այդպիսին է՝ նա փորձում է ցույց տալ սկզբունքային ու անզիջում առաջնորդի վարքագիծ: Նա առաջնորդվում է առաջին քայլը չանելու սկզբունքով, եթե այցի ձևաչափը չլիներ միայն նախագահների մակարդակով, վստահ եմ, որ գուցե փոխարտգործնախարարի կամ արտգործնախարարի, անգամ վարչապետի մակարդակով մասնակցություն լիներ:
– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերություններում նկատելի կլինեն էական քայլեր, որովհետև կա դրական մթնոլորտ: Ի՞նչ էական քայլերի մասին կարող է խոսքը լինել:
– Բնականաբար խոսքը նախորդ տարիների ընթացքում ու հատկապես 2025 թվականի երկկողմ հարաբերություններում՝ թե՛ Հայաստան-Թուրքիա, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված զարգացումների մասին է: Քանի որ Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ընթանում է որոշակի չափելի ու տեսանելի արդյունավետությամբ, Թուրքիան, որը իր հարաբերությունները Հայաստանի հետ մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների դինամիկայով, պետք է ևս շոշափելի քայլեր իրականացնի, խոսքը հատկապես այն պայմանավորվածությունների մասին է, որոնք նախկինում ձեռք են բերվել, բայց որևէ տեղաշարժ չեն արձանագրել:
– Պարո՛ն Պետրոսյան, իսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ էական զարգացումներ կարելի է սպասել:
– Ենթադրելի է, որ հատկապես տնտեսական ուղղությամբ՝ երկկողմ առևտրի, բայց հատկապես Ադրբեջանի նախաձեռնությամբ ականատես կլինենք առևտրի աշխուժացման, գուցե նաև հասարակական մակարդակում քայլերի ակտիվության՝ փորձագիտական մակարդակում, հասարակական կազմակերպությունների մակարդակում, քաղաքական մակարդակում ևս հնարավոր է որոշակի ակտիվություն, այսինքն՝ բազմակողմ հանդիպումներ, գուցե նաև առանձին ուղղություններով երկկողմ հանդիպումներ, հռետորաբանության մակարդակում ևս փոփոխություններ կամ նոր արձանագրումներ կլինեն՝ ավելի դրական շեշտադրումներով:
– Չնայած այդ դրական մթնոլորտին՝ Ադրբեջանը շարունակում է խոսել Սահմանադրության փոփոխության, «արևմտյան ադրբեջանցիների պարտադիր վերադարձի» և այլ պահանջների մասին: Ադրբեջանը ինչ-որ մի կետում հնարավո՞ր է հրաժարվի այս պահանջներից:
– Այդ պահանջներից Ադրբեջանը չի հրաժարվի, «արևմտյան ադրբեջանցիների» թեման ևս պարբերաբար շրջանառվել է ու իմ կարծիքով ավելի մեծ թափ է ստանալու։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում այս պահին կա նախևառաջ Արցախի հիմնախնդրի, արցախցիների վերադարձի խնդիր, ու ընդհանրապես նոր իրավիճակում՝ Արցախի հիմնախնդրի տրանսֆորմացիային զուգահեռ ապահովել որոշակի հավասարակշիռ թեմատիկ ուղղվածություն: Այս հարցը շարունակելու է մնալ ադրբեջանական օրակարգում, ու նրանք ձևավորելու են այն նարատիվները, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի բերել օրակարգ ու օգտագործել Ադրբեջանի ռազմավարական նպատակների համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















