Բաքվից նվերներ՝ գերմանացի պատգամավորներին. «Deutsche welle»-ի անդրադարձը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում: Ափսոս, չէ որ խոսքը Գերմանիայում վերջին տարիների աղմկահարույց  քաղաքական սկանդալներից մեկի մասին է, որի հետևանքով իշխող «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության մի քանի պատգամավորներ մնացին առանց մանդատի:  «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական «Deutsche welle»-ն՝ անդրադառնալով գերմանացի պատգամավորների հետ կապված կոռուպցիոն աղմկահարույց դեպքին: Նշվում է, որ «Transparency International»-ի գերմանական բաժնի փորձագետ Նորման Լոկելը (Norman Loeckel) նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են գերմանացի պատգամավորների՝ փորձելով բարելավել իրենց հեղինակությունը Եվրոպայում, կովկասյան հանրապետությունը «հայտնի է» մարդու իրավունքների խախտումներով և անկախ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներով:

Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն (Frank Schwabe) համոզված է, որ ադրբեջանական իշխանության գործողությունները հակառակ արդյունքն են տվել:

«Ով էլ որ Ադրբեջանում այս գաղափարն առաջ քաշած լինի, այն ձախողվեց, որովհետև հիմա պարզ դարձավ այն, որ այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավար չէ, կաշառում է այլ երկրների պատգամավորներին, որը լավագույն բնութագրումը չէ: Ստացվում է, որ նրանք ծախսել եմ մեծ փողեր, բայց հասել են ամբողջությամբ հակառակ արդյունքի: Փաստն այն է, որ նրանք միանշանակ զբաղվել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների պատգամավորներին կաշառելով»,-ասել է Ֆրանկ Շվաբեն:

Պարբերականը նշում է, որ այս դեպքով պայմանավորված Անգելա Մերկելի կուսակցությունը կորցնում է իր հեղինակությունը: «Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ: