ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ցորենի ցանքատարածությունները 2021 թ. կազմել են 58 967 հա, որից աշնանացան ցորեն՝ 57 288, գարնանացան՝ 1 679 հա։
Կառավարությունը սուբսիդավորել է աշնանացան սերմացուի գնի 30%, որի բերքահավաքն ակնկալվում է 2022 թ. երրորդ եռամսյակում։
2021 թ. ներմուծվել է շուրջ 275 000 տոննա ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97 000 տ։ Ներմուծումն իրականացվում է ՌԴ-ից։
2021 թ. ՌԴ ցորենի արտադրությունը կազմել է 76 մլն տոննա, որից արտահանվում է շուրջ 25-30 մլն տոննան։
ՌԴ ինքնաբավության մակարդակը կազմում է 130-140%: Այսօր առավոտյան հեռախոսազրույց ունեցա ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, որը հավաստիացրեց, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակելու ռե-էքսպորտը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։
2021 թ. աշնանը ՌԴ-ում ամբողջությամբ իրականացվել է ցորենի ցանքը, որն ակնկալում է անփոփոխ բերք 2022 թ.։ Արևածաղկի սերմացուի պահանջարկը նույնպես բավարարված է, և նախատեսվող արտադրական քանակների նվազում ՌԴ-ում չի կանխատեսվում։
Ամբողջ աշխարհում ակնհայտ պահանջարկ է ձևավորվում գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, հետևաբար պետք է հնարավորինս շատ արտադրել, մշակել հողատարածքները՝ շուկայում մեր դիրքերն ամրապնդելու նպատակով»։