Նոր գաղափարների հարթակ. վաղը կմեկնարկի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության միջազգային համաժողովը

Նոր գաղափարների հարթակ. վաղը կմեկնարկի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության միջազգային համաժողովը
Նոր գաղափարների հարթակ. վաղը կմեկնարկի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության միջազգային համաժողովը

Հինգշաբթի` հոկտեմբերի 6-ին, «Անի պլազա» հյուրանոցում կմեկնարկի «Ի՞նչ ապագա ունեն ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովը, որին կմասնակցեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական և արտասահմանյան փորձագետներ:
Ավելի քան 30 երկրների (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ) մոտ 100 փորձագետներ համաժողովի ընթացքում քննարկելու են ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ արդի խնդիրներ:

Համաժողովը կազմակերպվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ), ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման դրամաշնորհային ծրագրի, ինչպես նաև «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության` ԱՄՆ ՄԶԾ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակության ծրագրի աջակցությամբ:

ԲՀՀ գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով` այս համաժողովը հատկապես կարևոր է հետխորհրդային հանրապետություններում ժողովրդավարության հետընթացի տեսանկյունից:

«Ինչպես նաև այն համատեքստում, որ 2010 թվականին ազատությունը գլոբալ տեսակետից (ըստ Freedom House-ի ուսումնասիրության) ևս հետընթաց է արձանագրել: Միաժամանակ, ֆինանսական ճգնաժամը վնասել է ոչ միայն Արևմուտքի հարստությանը, այլ նաև, որ ավելի կարևոր է, ազդել է ազատ մտքի վրա»,- ասում է Լարիսա Մինասյանը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանն անցնելու փորձերը հերքում են այն գաղափարը, որ ժողովրդավարությունը հեռու է ոչ արևմտյան հասարակություններից` վերահաստատելով վստահությունը ժողովրդավարության հանդեպ և լիցք հաղորդելով ժողովրդավարությանն ուղղված միջազգային աջակցությանը»:

«Համաժողովի նպատակն է հանդիսանալ հարթակ նոր գաղափարների և առաջադեմ մտածելակերպի համար ու ծավալել հասարակական բաց բանավեճ, որը լույս կսփռի ժողովրդավարական կառավարման ապագայի բավական խառն ու անորոշ պատկերի վրա, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ու հանրային քաղաքականություն մշակողներին կառաջարկի հնարավոր լուծումներ` արդյունավետ ժողովրդավարական փոփոխությունների համար»,- ասում է Լարիսա Մինասյանը:

Նախատեսվում է, որ ի թիվս այլ հարցերի, համաժողովի մասնակիցները կքննարկեն Արևմուտքի կողմից ժողովրդավարության աջակցության սահմանափակումների խնդիրները և կառավարման բնույթը նորահայտ կիսաժողովրդավարական երկրներում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության առաջխաղացման համընդհանուր գործում և այն մարտահրավերները, որոնց Եվրոպական միությունը բախվում է ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում` քաղաքական և տնտեսական փոփոխությունների փորձ իրականացնելիս:

Այդ կապակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի» տնօրեն Ալեքս Սարդարն ասում է, թե «ժողովրդավարական զարգացումը հենց այսպիսին է՝ աճ,  հետընթաց, քաղած դասեր, բարելավումներ, ինչպես նաև ինքնաքննադատության կարողություն»:

«Սա հիշելով հույս ունենք, որ շահագրգիռ անձանց համախմբելով ընդհանուր քննարկումների շուրջ` կկարողանանք կատարել հաջորդ քայլն այս գործընթացում: Սա կարևոր հնարավորություն է պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, միջազգային և տեղական դերակատարների համար` լրացնելու միմյանց առաջարկներն ու քննադատությունները»,- ասում է Սարդարը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ, ով ևս մասնակցելու է այդ քննարկմանը, «Մեդիալաբին» ասում է, որ բուն համաժողովը կոնկրետ ոչ հայաստանյան թեմայով է, ավելի շատ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին ամբողջ աշխարհում, և այդ առումով, ըստ նրա, համաժողովը բավական ներկայացուցչական է լինելու:

«Կմասնակցեն իրավապաշտպաններ տարբեր երկրներից, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ: Այս համաժողովն ինքնին կարևոր միջոցառում է այն իմաստով, որ իրավապաշտպանության ինտելեկտի բոլոր ռեսուրսները հավաքվելու են մեկ վայրում, որտեղ քննարկվելու է այն հարցը, թե ինչ մարտահրավերներ կան, որով մարդու իրավունքների պաշտպանությունն այնպիսի խնդիրների է բախվում ԽՍՀՄ փլուզումից հետո, որ նոր իրավիճակ են ստեղծում»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով` աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մինչև հիմա գործող մեթոդները փոխվել են, իսկ նախկին մոտեցումներն էլ կարիք ունեն ճշտումների: Ու թե այդ առումով ի´նչ արդյունքներ կարձանագրվեն, ըստ իրավապաշտպանի` կերևա համաժողովից հետո, որոնք նաև առաջարկությունների տեսքով հնարավոր է ներկայացվեն միջազգային կազմակերպություններին, երկրների կառավարություններին:

Հիշեցնենք, որ համաժողովի մասնակից զեկուցողները քննարկումները կամփոփեն հոկտեմբերի 8-ին` համաժողովի վերջին օրը: Համաժողովի ձևաչափը հնարավորություն կընձեռի նիստերի բոլոր մասնակիցներին տեսակետներ փոխանակել, բանավիճել և պատասխանել հարցերին:

Համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

© Medialab.am