«Ծառուկյանենք մեկի հողերը վերցրել, «քցել» էին, այդ մարդը մահացավ ինֆարկտից՝ թողնելով 5 երեխա, էլի դեպքեր կան, սա Աստծո պատիժ էր». Սիլվա Համբարձումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը

– Վերջին օրերին իրավապահները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տարածեցին միանգամից մի քանի հաղորդագրություններ, որոնցում նշվում է մի դեպքում՝ 30 մլրդ դրամի չարաշահումների մասին, մեկ այլ դեպքում՝ 40 մլրդ դրամի, նաև թե ինչպես են ընտրակաշառքներ բաժանվել, թե ինչպես է վարվել իր խմբակցության պատգամավորների հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, և արդյոք բիզնես ոլորտը կարո՞ղ է տուժել այս ամենից:

– Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը իր բիզնեսները հանձնել է կառավարման, հետևաբար, չեն տուժի, կաշխատեն, գործունեությունը կծավալվի: Չէ՞ որ ինքը հայտարարում էր, որ իր բիզնեսներն ամբողջությամբ տվել է կառավարման: Ես էլ եմ համարում, որ ինքը կապ չուներ բիզնեսների հետ: 

– ԲՀԿ պատգամավորներից մեկն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Ծառուկյանի ձերբակալման կամ կալանավորման հետևանքով 30 հազար մարդ կարող է առանց աշխատանքի մնալ: Որքանո՞վ է դա իրատեսական:

– Ես դրան չեմ հավատում, երևի պատգամավորները տաքացած էին, խոսում էին:

– Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները, գումարի չափը: 

Եթե մարդիկ տարիներով հարկեր չեն մուծել, այս երկու տարին են մուծում, ապա կարծում եմ՝ այդ գումարները այս քննության արդյունքում ավելի կավելանան: Քանի որ ես պետք է գնայի մամուլի ասուլիսի, ինձ Վարդենիսից տվյալ էին տվել, որ Ծառուկյանենք Մկրտչյան ազգանունով մեկի հողերը վերցրել էին, նրան «քցել» էին, և այդ մարդը մահացավ ինֆարկտից՝ թողնելով 5 երեխա:

Կարծում եմ՝ նմանատիպ դեպքեր էլի կան: Մարդ կա, որ «Փարավոնի» լողավազանը, սաունան, թուրքական բաղնիքը սարքել է, և այդ մարդու գումարը չի տվել: Ես կարծում եմ՝ հիմա շատ նման փողեր կան, որ ինքը չի տվել: Հիմա երևի ժամանակ կունենա, որ մտածի և զանգի ու ասի, որ բոլորի գումարները տան: Այդ 5 երեխաներին որ որբ թողեցին, նրանց մասին էլ մտածեն: Կարծում եմ՝ սա Աստծո պատիժ էր:

– Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այս իշխանությունը 5 տոկոս վարկանիշ ունի, որ հեղափոխությունը տապալված է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Ես կարծում եմ, որ ինքը սխալ է գնահատում, մենք բոլորս պարոն Փաշինյանի կողքին ենք, երևի մենք 95 տոկոս ենք, թող լինենք 85-90 տոկոս, բայց տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Հայաստանը դարձնի օրենքի երկիր:

Ես լսում էի Գագիկ Ծառուկյանի խոսքը, փոխանակ խոսեր իրեն մեղսագրվող մեղադրանքի մասին, խոսում էր կորոնավիրուսից: Բա ո՞ւր էր այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը, երբ հիվանդանոցները կոպեկներով վաճառում էին: Հիմա՞ է հիշում, որ հիվանդանոցներ չկան: Ցավալի է սա:

– Դուք էլ եք գործարար, Ծառուկյանն էլ, այսքան ժամանակ ի՞նչ է հայտնի եղել իր գործունեության հետ կապված:

– Ես երբեք չեմ հետաքրքրվել իր բիզնեսներով: Ես Հայաստանի առաջին գործարարն եմ եղել 1990-ականների սկզբից, երբ ծառուկյանները չկային: Ես օլիգարխ չդարձա, բայց ինձնից հետո եկածները, որոնք իշխանությունների հետ լեզու գտան, սկսեցին կոպեկներով գործարաններ գնել, օրինակ՝ գինու գործարանը: Մարդիկ վաուչերներ ունեին, գիտե՞ք՝ ինչպես է ճանապարհել վաուչերներ ունեցողներին: Այնպես որ, ոչ մի բան պատահական չի լինում: 

– Ծառուկյանին կարելի՞ է ասոցացնել նախորդ իշխանության, Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Ես որքան լսել եմ, Ծառուկյանի բիզնեսների կեսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին: Ես կարծում եմ, որ սրան շաղկապված է նաև դա: 

– Ձեր կարծիքով՝ Հայաստանում օլիգարխ կա՞, թե՞ ոչ:

– Կամաց-կամաց վերանում են, պարոն Փաշինյանը վերացնում է: 

– Ծառուկյանն իր ելույթում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Մասնավորապես, ասաց, որ երեք ամսից սով է լինելու և այլն:

– Ոչ մի սով էլ չի լինելու, երբեք Հայաստանում սով չի լինելու: Տեսեք՝ ովքե՞ր էին Ծառուկյանին սատարողները՝ 3 հազար դրամանոց տոպրակ ստացողները: Ես կարծում եմ, որ եթե այսօր նորից ընտրություններ անեն, ԲՀԿ-ն ձայն չի հավաքի: Տեսաք, թե ինչքան փողեր էին բաժանում, որ ձայն հավաքեն: 

– Բայց իրենք ասում են, որ այդ բոլոր թղթերը շինծու են, սարքած են, Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը ոչ մի բանում մեղավոր չէ, գնալու է մինչև վերջ: 

– Ո՞վ չգիտեր, որ միշտ էլ ընտրակաշառքներ են բաժանվել, բացի 2018-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլից» և թերևս «Լուսավոր Հայաստանից»: Իսկ մենք տեսանք, թե 2018-ին ԲՀԿ-ն ինչքան ձայն հավաքեց: Այսօր ովքեր խոսում են, իրենց աշխատավարձերն են կորցնում, որովհետև բոլորն էլ աշխատավարձ էին ստանում:

Նրանցից ամենաբարձր աշխատավարձը ստանում է Նաիրա Զոհրաբյանը՝ ամսական 15 հազար դոլար: Հիմա կորցնում են այդ հնարավորությունները, դրա համար էլ այդպես են վարվում: Դուք տեսա՞ք, թե ԱԱԾ-ի տեսանյութում ինչ էր գրել Նաիրա Զոհրաբյանը: Նա իր երեխայի անունով երդվում է, որ կանի այն, ինչ ուզում է կուսակցության նախագահը: Ժողովուրդը չգիտի, որ տենց բանի համար է ընտրել ԲՀԿ-ին: Ժողովուրդը չգիտի, որ ընտրել է մարդկանց, որոնք պարտավորագրեր են գրում Գագիկ Ծառուկյանին:

Երբ ես կարդացի դրանք, շոկի մեջ էի: Ո՞նց կարող է այսքան տարի պատգամավոր լինի և այսօր բացահայտվի, թե ինչի համար են պատգամավոր: 

– ԱԱԾ-ի տեսանյութում երևաց, թե որքան շքեղ ու թանկարժեք մեքենաներ են կանգնած Ծառուկյանի տանը: Դրանք ի՞նչ տպավորություն են թողել:

– Ավտոմեքենան պետք է դիտարկել որպես տրանսպորտի միջոց: Մարդը տեսնում է, որ ինքն այդքան մեքենա ունի, մտածում է՝ երևի ինքը երջանիկ է իր մեքենաներով: Չգիտեմ, ես որքան էլ հարուստ լինեմ, մեկից ավելի մեքենա չեմ ունենա: 

– Դուք կարծում եք, որ իշխանությունն օլիգարխներին սանձելու գործընթա՞ց է սկսել:

– Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում դա խոստացավ, որ Հայաստանում չեն լինելու օլիգարխներ, չեն լինելու մենաշնորհներ, և ինքը հիմա կատարում է իր տված խոստումը ժողովրդի առաջ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am