«Ամեն ինչ նորից» կամ մի կյանքի պատմություն. «Ալամեզոն» Բլոգ

«Ամեն ինչ նորից» կամ մի կյանքի պատմություն. «Ալամեզոն» Բլոգ
«Ամեն ինչ նորից» կամ մի կյանքի պատմություն. «Ալամեզոն» Բլոգ

2012 թվականին, երբ դեռ ամեն շաբաթ հաճախում էի էմիգրանտների գործերով զբաղվող բյուրո, ծանոթացա մի անհավանական լուսավոր զույգի` Աննայի և Հայկի հետ:

Աննան երիտասարդ, բարի, ժպտերես մի աղջիկ ` թևանցուկ Հայկի հետ: Դեռ տակավին չէի ճանաչում, բայց այնքան հարազատ ինձ դարձել, հայրենիքիցս սիրո մի կտոր, և երբ իմացա իրենց կյանքի պատմությունը, սիրուս ավելացավ նաև խորը հարգանքը և ակնածանքը: Շատ էի ցանկանում ձեզ ներկայացրել իրենց պատմությունը, որն անկասկած խթան կհանդիսանա այն ծնողների համար, ովքեր պայքարում են իրենց երեխաների առողջության համար:

Հայկը փոքր է եղել, երբ 90-ականներին նրա ծնողները տեղափոխել են Լեհաստան: Ծնողները անցել էին աշխատանքի, իսկ Հայկը՝ դպրոց:

– Ես շատ ակտիվ երեխա էի, – պատմում է Հայկը, մեկ րոպե անգամ հանգիստ չունեի: Այդ օրն էլ, փետրվարի 23-ին 1999-ին,  ֆիզկուլտուրայի դասին դասատուն դահլիճից դուրս էր եկել: Առիթից օգտվեցի, վազեցի  մանրամարզական ձողի մոտ, բարձրացա, որ հնարք անեմ` ընկերներիս զարմացնելու համար.. ու էլ ոչինչ չեմ հիշում.. մթություն, լռություն, իսկ հետագա 10 տարիները կյանքիս համար անհավասար պայքար..

Հայկը կոմայից դուրս է գալիս միայն 3-րդ օրը՝ հոր ծննդյան օրը: Անմխիթար ծնողի համար դա լավագույն նվերն էր: Բայց լեհ  բժիշկները ոչ մի հույս չեն տալիս:

– Ձեր տղան չի կարողանա ոչ խոսել, շարժվել , ոչ էլ անգամ ինքնուրույն ուտել… մենք ոչնչով ձեզ չենք կարողանա օգնել: Հաշվեք խոտի հաշիվ էլի:

Այս բառերը կարող են ցանկացած դանակից սուր խփել ծնողին, հուսահատեցնել, բայց Հայկի ծնողները չեն կոտրվել:

Չհամակերպվելով լեհ բժիշկների դատավճռի հետ, Հայկի ծնողները վերադարձել են Հայաստան՝ դիմել հայ բժիշկների օգնությանը:

– Ինձ երեք օր ժամանակ է պետք, մտածելու, արդյոք կարող եմ օգնել երեխային թե ոչ, -ասել է  բժիշկ Վարոսյանը՝ Հայկին զննելուց հետո:

Երեք օր հույսով եւ սպասումներով լի Հայկի ծնողները սպասել են պատասխանի, որը դրական է եղել: Բժիշկը մանրամասնել է պլանը. բուժումներ ինտենսիվ թերապիա, վարժություններ՝ սկսելով Հայկի մոր՝ Անուշի հետ համատեղ տղային կյանքի բերելու երկարատեւ եւ համառ պայքարը:

– Մայրս… բարի և նուրբ և միաժամանակ համառ և հաստատակամ է: Մի ամբողջ կյանք նվիրեց ինձ. արթնանում էր բոլորից շուտ, քնում, երբ բոլորս արդեն քնած էինք: Երբեք չի բողոքում, չի տրտնջում,  անգամ այս մեծ դժբախտությունը իրեն չչարացրեց աշխարհի դեմ,- հիացմունքով չի կարողանում թաքցնել Հայկը:

-Ստացվեց ես 14 տարեկանում ամեն ինչ սկսել եմ նորից, նորից  սովորել խոսել , շարժվել, շնչել: Իմ ամեն մի շարժումը մորս հաղթանակն էր իրականության հանդեպ:

Մայրս հաճախ եկեղեցի էր գնում, մի անգամ, երբ աղոթք է արել, Տիրամորն ասել է «թե տղաս քայլի, մի աղջիկ կունենամ, անունը քո պատվին Մարիամ կկոչեմ»: Լավ է, – կատակում է Հայկը, – Իմ շնորհիվ, քույրս ` Մարիամը ծնվեց :

Հայկի ամբողջ կյանքը պայքար է: Առանց պայքարի չեղավ նաև Աննայի հետ ամուսնանալը: Աննայի ծնողները ոչ մի կերպ չէին համաձայնում նրանց ամուսնությանը: «Քեզ խնդիր ունեցող տղայի չենք տա» « երջանկություն չի լինի» «ամբողջ կյանքդ տանջվելով ամուսին ես խնամելու» սա էին Աննային մշտապես ասում բարեկամները, իսկ Աննան վստահ էր, որ Հայկն իր կեսն է:

Եւ օրերից մի օր Հայկն ու Աննան վճռական որոշում կայացրեցին եւ ամուսնացան: Աննան ասում է, որ Հայկի նման հոգատար եւ ուշադիր ամուսին շատ աղջիկներ կերազեին ունենալ:

Սակայն, 2012 թվականին այս ընտանիքի համար մեկ այլ փորձության ժամ եկավ: Հայաստանում բժիշկները ասեցին, որ բուժումը հնարավոր է շարունակել միայն Եվրոպայում: Եվ Հայկն ու Աննան, թողնելով Հայաստանը,  ստիպված էին մեկնել Ֆրանսիա:

Ֆրանսիական էմիգրացիոն բյուրոյի խոնավ ու անհյուրընկալ կենտրոնում էլ հանդիպեցի սիրով լի ընտանիքին: Հաջորդող տարիներին ինքս բազմիցս ականատես եղա ֆրանսիացի բժիշկների նվիրված ու բարձրակարգ օգնությանը, որոնց շնորհիվ Հայկը կարողացավ շարունակել իր բուժումը եւ վերականգնվել: Հենց Ֆրանսիայում էլ ծնվեց Աննայի եւ Հայկի որդին՝ Հակոբը:  

-Հակոբին սպասել ենք չորս երկար տարիներ, -պատմում է Աննան,- նա էլ ծնվեց դեկտեմբերի 12-ին, Սուրբ Հակոբի օրը:

Այսօր իրենց երջանկությունը ավելին քան լիարժեք է: Ուզում եմ հավատալ, որ այս զուգի համար, բոլոր դժվարություններն անցյալում են: Աննայի ու Հայկի նման ընկերներ ունենալն ինձ համար հպարտություն է, նրանց պայքարի պատմությունը կուզեի վստահություն տար շատերին հաղթահարելու դժվարությունները:

Մենք բոլորով, ես, ամուսինս՝ Ժորդանը, որդիս՝ Լուկան, Աննան եւ փոքրիկ Հակոբը նաեւ Հայկի երկրպագուններն ենք: Հայկը «Ստրասբուրգի հաշմանդամների բասկետբոլի լիգայի» խաղացողներից մեկն է, մի այլ պատմություն, որտեղ պայքարելը, նպատակակետին հասնելը եւ հաղթելը կարեւոր է:

Շատ նման է իրեն:

Ձեր՝ Ռոզա Սարգսան Ֆենդեր

Medialab Blog