«Որ գնանք մեր էրգիրը… մեծ տատս, կապույտ գոգնոցը՝ կախարդական կոկիկ գրպանով». «Ալամեզոն» Բլոգ

«Որ գնանք մեր էրգիրը... մեծ տատս, կապույտ գոգնոցը՝ կախարդական կոկիկ գրպանով». «Ալամեզոն» Բլոգ
«Որ գնանք մեր էրգիրը… մեծ տատս, կապույտ գոգնոցը՝ կախարդական կոկիկ գրպանով». «Ալամեզոն» Բլոգ

Մեծ տատս մոլլայի մասին խուժան անեկդոտներ էր պատմում։ Դե, խուժանը ո՞րն ա 10 տարեկանի համար. հիմար մոլլան աքլոր է գողանում, թումբանի մեջ պահում, լավ էլ խուժան էր։ Երևի էդ Վանի հատուկ հումորն էր, էդպես թուրքական մզկիթներին ծաղրելը, Վանի, որ տատս էլ երբեք չպիտի տեսներ, Վանի, որ տատս միշտ պիտի երազեր…

Ասում էր.

– Որ գնանք մեր էրգիրը…

Փոքրամարմին կին, արդեն կիսով կորացած, գլխաշորով ու կապույտ գոգնոցով, որի վրա մի կոկիկ գրպան կար, ա՜խ, էդ կախարդական գրպանը։ Երբ մահացավ, էն քիչ շորերը դրել էին գյուղի գարդերոբում։ Վազում էի, բացում, շորերից հոտ քաշում ու փախնում իմ գործերով։

Անունը հստակ չգիտեր՝ Մաքրուհի ա որ եղել, եսիմ, տարիքը՝ անհայտ՝ թե՛ 1908, թե՛ 1906։ Էջմիածնի որբերից էին ինքը, եղբայրը… 

Իմ ծնունդից հետո ծննդյան օրը ապրիլի 14-ին էր նշում, ապրիլի 24-ին չէր ողբում, չէ՛, ասում էր՝ ես իմ փայ արցունքը թափել եմ. գաղթ, պատերազմ, ծնողների, ամուսնու, մանկահասակ երեխեքի, մեծ երեխեքի մահ։ Կողքից փսփսում էին՝ բարդ կին ա: Դե արի ու մի՛ կարծրացիր էսքանից հետո։ 

Կարոտել եմ տատիս ու իր կապույտ գոգնոցը՝ կախարդական կոկիկ գրպանով… 

Ապրիլ 24 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog