Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար, որի օրակարգում էր միայն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը, քվորում չապահովվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի համար գրանցվել էր 29 պատգամավոր, չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այսինքն, եթե 4 ժամում անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, նիստը կսկսվի:

Նիստի օրակարգում է ընդդմիադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: