Նիկոլ Փաշինյանի Ամանորի «ուղերձը»

Նիկոլ Փաշինյանի Ամանորի «ուղերձը»
Նիկոլ Փաշինյանի Ամանորի «ուղերձը»

Հայրենակիցնե՛ր,
ավարտվում է 2019 թվականը։ Այն մեր քաղաքական արժանապատվության, ինքնիշխանության հաստատման առաջին ամբողջական տարին էր կամ Նիկոլի թվի երկրորդ տարին։ 365 օր ոչ ոք մեզ չասեց, թե ում թաթիկները կտրենք, ում տանք պատերով, ում տուն ներխուժենք շնորհքով։ Ինչպես Նելսոն Մանդելան էր ասում՝ տուն լինի, ներխուժող կգտնվի։ 

Եկեք արձանագրենք՝ միայն Աստված գիտի, թե ինչպիսին կլինի Նոր տարին։ Միայն ես գիտեմ, թե ինչե՛ր կարող ենք անել հաջորդ տարի։ Ես էլ չգիտեմ, թե ով գիտի, թե ինչեր կարող էինք անել, որ չարեցինք այս տարի։ Միայն դուք գիտեք, թե ինչու չարեցինք այն, ինչ պիտի արվեր։

Միայն ընդդիմությունը գիտի, թե ով կարող էր անել այն, ինչ չարեցինք։ Եվ միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կիմանան, թե ովքեր են անողները։ Անող էին, թող մինչև հիմա անեին, ժողովո՛ւրդ ջան։ Ինչպես Հիսուս Քրիստոսն էր ասում՝ չանողի մալը անողին հալալ է։ 

Ավարտվում է 2019 թվականը։

Վերստին արձանագրենք։ Խոզի տարում պետությունը չկարողացավ իր ձեռքը վերցնել մեր ժողովրդի կանոնավոր քաշ հավաքելու կամ ավելորդ քաշից հրաժարվելու գործընթացը։

Ուստի Առնետի տարում հայտարարում եմ՝ ձեր քաշը ձեր գլխում է, ինչպես աղքատությունն է ձեզանից շատերի գլխում։ Դո՛ւք եք պատասխանատու ձեր քաշի համար։ Դո՛ւք եք պատասխանատու այն կշիռ դարձնելու համար։ Եղե՛ք ձեր կշիռը ձեր գլխում։

Ինչպես Գրիգոր Նարեկացին էր ասում՝ ձեր իրական կշիռը հայելու մեջ չի երևում։ 

Ավարտվում է 2019-ը։ Մեկ անգամ էլ արձանագրենք՝ այն ատելության խոսքի տարի էր։ Այն ասֆալտին փռելու տարի էր, որը հաճախ մենք արեցինք սուս ու փուս։ Այս տարի ոմանք ինձ մեղադրում են պոպուլիզմի մեջ։

Ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում՝ իմ իսկական ասելիքը ես դեռ չեմ ասել։ Հայրենակիցնե՛ր, չխոսելն ավելի դժվար է, քան ոչինչ չասելը։ Դուք որտե՞ղ պոպուլիզմ տեսաք։ Չասե՞մ, որ կյանքը լավանում է ամեն օր։ Դուք ինչ-որ հակասությո՞ւն տեսաք իմ խոսքի և գործի միջև։ Իմ խոստումների միջև՝ առավելևս։

Իմ բարեկամ Դոնալդ Թրամփը մի անգամ ասել է՝ հնարավո՞ր է խոստանալ առանց պոպուլիզմի։ Հնարավոր չէ՝ ասում եմ ես։ 

Հայրենակիցնե՛ր,

Ուզում եմ արձանագրենք՝ գալիս է 2020-ը՝ կապույտ Առնետի տարին։ Մեր քթի տակ է 2020 թվականը։

Սա նոր Հայաստանի Նոր տարին է։

Ուրիշ Հայաստան չկա այս աշխարհի վրա։ Ուրիշ Հայաստան չի լինելու։

Մահաթմա Գանդին ասում էր՝ որ ուղղությամբ էլ քայլեք, վերջում գնալու եք Հայաստան։ Որովհետև սա ձեր տունն է, սա մեր տունն է, սա բոլորի տունն է, այստեղ է իջել Նոյը, ինչպես հավատացնում են բրիտանացի գիտնականները։ Եվ գվատեմալացի պատմաբանները։ Մարգարետ Թետչերն ավելի լավ էր ասում՝ հնարավոր չէ քայլել բոլոր ուղղություններով միաժամանակ։ 

Ավարտվում է 2019-ը թվականը։ Մի քանի րոպեից կհնչեն 2020-ի առաջին ղողանջները։ Ես չեմ ուզում արձանագրել մեր նվաճումներն անցնող տարում։ Ես ուզում եմ արձանագրել, որ եթե նույնիսկ այս տարի ձեզանից շատերի կյանքում ոչինչ չի փոխվել, հաջորդ տարի դա կանենք ավելի լավ։ Ինչպես դասականն էր ասում՝ մենք թարս աճած խիյարին մեզ վրա ծիծաղելու առիթ չենք տա։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Մհեր Արշակյան

MediaLab.am