«Էստի~ համեցեք». ո՞վ է ուզում թուրքերին հրավիրել Հայաստան. թուրքական գործոնը նախընտրական պայքարում

«Էստի~ համեցեք». ո՞վ է ուզում թուրքերին հրավիրել Հայաստան. թուրքական գործոնը նախընտրական պայքարում
«Էստի~ համեցեք». ո՞վ է ուզում թուրքերին հրավիրել Հայաստան. թուրքական գործոնը նախընտրական պայքարում

Եթե ուզում եք, որ Հայաստանը թուրքի արոտավայր դառնա, ընտրեք Սերժ Սարգսյանին և Հանրապետականին. այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հանրապետականների պատասխանը չուշացավ:
«ՀԱԿ-ի առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները: Ստիպված եմ հիշեցնել, որ 1997-ին հենց նա էր ձգտում Հայաստանը Թուրքիայի համար արոտավայր դարձնել, սակայն, փառք Աստծո, ազգային ուժերի ճնշման ներքո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Փորձագետները պնդում են` թուրքական գործոնը հայկական նախընտրական պայքարում միշտ էլ եղել է, սակայն այն հաճախ անցնում է կոռեկտության սահմանները:

«Միշտ էլ նման ձևակերպումները, նման մեղադրանքները միմյանց հասցեին Հայաստանի քաղաքական դաշտում եղել են, և ցավում եմ, որ, ըստ էության, այդպիսի մեղադրանքներ լինում են, որովհետև դա չի խոսում այն մասին, որ առողջ քննարկում է ընթանում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Թուրքիայի քաղաքական կյանքում հայկական գործոնը նույնպես առկա է: Այստեղ, երբ ուզում են վարկաբեկել որևէ քաղաքական գործչի, նրան մեղադրում են հայ լինելու մեջ: Օրինակ` ժամանակին ազգայնական ուժերը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին ասում էին, թե նրա մայրը հայ է:

Հայաստանցի քաղաքական գործիչները նույնպես խաղում են հասարակության վախերի հետ: Եթե մեզ չընտրեք, ամբողջ երկիրը կլցվի թուրքերով: Հայ մարդուն այս մղձավանջը պարբերաբար հիշեցնելը, ըստ Երվանդ Բոզոյանի, արդարացված չէ:

«Ես միշտ դեմ եմ եղել այդպիսի ձևակերպումներին` սա կամ նա թուրքական ուժ է: Կարծում եմ` Հայաստանում թուրքական ուժ չկա, բոլորն էլ նորմալ քաղաքական ուժեր են: Այլ խնդիր է, որ մարդկանց նյարդերը երբեմն-երբեմն տեղի են տալիս, և մարդիկ նման գնահատականներ են տալիս միմյանց, ինչն ուղղակի ցավալի է: Ես չէի ուզենա, որ այդպիսի բան լիներ»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Հետաքրքիր է, որ չնայած ներկայացվող փոխադարձ մեղադրանքներին, այդուհանդերձ պետք է նշել, որ Հայաստանի իշխանական բոլորն ուժերն էլ ժամանակին փորձել են կապեր հաստատել թուրքական կողմի հետ:

«Ըստ էության, թե´ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե´ Ռոբերտ Քոչարյանի, թե´ Սերժ Սարգսյանի օրոք հայկական խնդրի առաջխաղացումը միջազգային ասպարեզում ու հայ-թուրքական հարաբերությունները էականորեն վայրիվերումներ չեն ունեցել: Երեք նախագահներն էլ ունեցել են իրենց գիծը, որը տարել են»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով` պարզապես երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանն է տարբերվել: Դա է պատճառը, որ երեք նախագահներն էլ հայ-թուրքական հարաբերությունների հարցում գործել են իրավիճակի թելադրանքով: Երբեմն ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել, երբեմն էլ` ավելի մեղմ: Սկզբունքային առումով, սակայն, որևէ փոփոխություն չկա:

«Օրինակ` 2005-ի Էրդողանի նամակին Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակից հետո սկսվեցին հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, որոնց ամփոփումը եղավ արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Ուստի այստեղ տեսնում ենք նաև ժառանգորդություն նախագահների միջև»,- ասում է Արտակ Շաքարյանը:

Թուրքիայի հետ կապերի հաստատման գործընթացից անմասն չի մնացել նաև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշենք 1993 թվականին Փարիզում տեղի ունեցած գաղտնի հանդիպումը, որի ընթացքում, թուրքական թերթերի վկայությամբ` Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցել էր Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր և Արցախյան պատերազմում ադրբեջանցիների կողքին պատերազմած գորշ գայլերի առաջնորդ Արփարսլան Թյուրքեշի հետ:

Քաղաքական այս գործչի մահից հետո անգամ թուրքական «Միլիեթ» պարբերականը գրել էր, որ եթե Թյուրքեշը չմահանար, հավանաբար հենց նա կլիներ Հայաստան այցելած առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Այնպես որ, հաշվի առնելով արտաքին քաղաքական շփումների այս հարուստ փորձը` ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի` միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներն առնվազն զարմանալի են:

«Մեր երեք նախագահներն էլ շատ պրակտիկ ձևով մտածել են, որ ամեն դեպքում, առանց հրաժարվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացից, անհրաժեշտ է փորձել Թուրքիայի հետ գտնել ընդհանուր մոտեցում սահմանը բացելու, հարաբերությունները կարգավորելու հարցում: Երեքն էլ քաջ գիտակցում էին, որ Թուրքիայի հետ առողջ հարաբերությունը հաղթաթուղթ է Ադրբեջանի դեմ Ղարաբաղի հարցում»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am