Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. դպրոցների փակման հետևանքով նրանք զրկվել են դպրոցական սնունդից. ՅՈՒՆԻՍԵՖ

ՀՌՈՄ / ՆՅՈՒ ՅՈՐՔ, 1-ը մայիսի, 2020թ. – Այս օրերին, երբ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պատճառով աշխարհում աղքատ բնակչության շրջանում բարձրացել է սովի ցուցանիշի մակարդակը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ կանխարգելել երեխաների հնարավոր թերսնուցումը, մասնավորապես այն 370 միլիոն երեխաների համար, որվքեր դպրոցների փակման հետևանքով բաց են թողնում դպրոցական ճաշը:
 
«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում: Առանց դրա՝ նրանք քաղցած են մնում, ինչը սպառնում է նրանց առողջությանը և մեծացնում դպրոց չհաճախելու հավանականությունը։ Այս երեխաները կորցնում են աղքատությունից խուսափելու իրենց լավագույն հնարավորությունը: Մենք հի՛մա պետք է գործենք, որպեսզի առողջապահական համաճարակը սովի աղետի չվերածվի»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):
 
«Դպրոցը շատ ավելին է, քան կրթություն ստանալու համար նապատեսված վայր: Շատ երեխաների համար այն անվտանգության, առողջապահական ծառայություններ ստանալու և սնվելու փրկարար օղակն է: Եթե մենք հիմա չգործենք ամենախոցելի երեխաների համար կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը մասսայական դարձնելով՝ ՔՈՎԻԴ-19- ի պատճառած ավերիչ հետևանքները գալիք տասնամյակների ընթացքում դեռ կզգացվեն», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
 
Դպրոցական սննդի ծրագրերից բացի, աղքատ երկրներում ապրող երեխաները դպրոցներում հաճախ օգտվում են բժշկական ծառայություններից, ինչպիսիք են՝ պատվաստումները և ճիճվաթափությունը, որոնք իրականացվում են իրենց դպրոցների միջոցով:
 
Համագործակցության համաձայն, ՊՀԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին աջակցելու են կառավարություններին, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո ապահովեն դպրոցական սննդի և առողջապահական ծրագրերի հասանելիությունը դպրոց հաճախող երեխաների համար։ Սա նաև խթան կհանդիսանա ծնողների համար, որպեսզի վերջիններս իրենց երեխաներին դպրոց ուղարկեն։