Վիրտուալ զրահատեխնիկա.Վարպետ Օնիկը, Փիղը և այլք՝ նախընտրական ակամա զինվորներ

Վիրտուալ զրահատեխնիկա.Վարպետ Օնիկը, Փիղը և այլք՝ նախընտրական ակամա զինվորներ
Վիրտուալ զրահատեխնիկա.Վարպետ Օնիկը, Փիղը և այլք՝ նախընտրական ակամա զինվորներ

Նախընտրական քարոզի «ադաթային» տարբերակն այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զարգացել է ու տեղափոխվել առցանց տիրույթ:
Ցանցից ներս էլ, ինչպես և ցանցից դուրս, վաղուց մոռացված բարեկամները, անմիջական հարևաններն ու հարևան շենքերի անծանոթները միացել են նախընտրական պաստառներից խորիմաստ, բարի, հոգատար, երբեմն անգամ կրքոտ հայացքներին՝ մայիսի 6-ին թռչնակի տեսքով ձայն ստանալու ակնկալիքով:
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում, օրինակ` ակտիվացել են բոլոր 9 կուսակցությունները, իսկ հայաստանցի օգտատերերի մեծ մասի մեկնաբանություններն ու կոչերը քաղաքական են դարձել:
«Ժառանգություն» կուսակցության պաստառների վրա հայտնվել է «Ֆեյսբուքի» հավանելու՝ «like»-ի նշանը, ՀԱԿ-ը հանրահավաքների ժամանակ հայկական դրոշի հետ ծածանում է նաև «Ֆեյսբուքի» դրոշը:

Ակամա կամ էլ միտումնավոր նախընտրական քարոզի մասնիկ են դարձել նաև «Ֆեյսբուքի» մի քանի կոնկրետ օգտատերեր, ովքեր փաստացի կուսակցական չեն, բայց ունեն քաղաքական հետաքրքրություններ ու համակրանք այս կամ այն կուսակցության նկատմամբ:

Նրանցից մեկն է Տիգրան Քոչարյանը` բլոգային տիրույթում հայտնի որպես Փիղ: «Ֆեյսբուքում» նրան բնորոշում են որպես մարդու, ով չի քննադատում Հանրապետական կուսակցությանը, դեմ է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ), անդրադառնում է «Օրինաց երկիր» կուսակցության անվան շուրջ պտտվող զավեշտալի պատմություններին: Նրան երբեմն «թաքնված» հանրապետական են կոչում:

«Ես որևէ կուսակցության ներկայացուցիչ չեմ: Դեմ եմ ՀԱԿ-ին, քանի որ չեմ ուզում տարբեր տեսակի ռեինկարնացիաներ կատարվեն քաղաքական դաշտում: Առաջնորդվելով առողջ բանականությամբ՝ մեծամասնականով սատարելու եմ «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանին, քանի որ Ռուբեն Հայրապետյանը լավ մենեջեր է ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բայց ոչ պատգամավոր»,- «Մեդիալաբին» հայտնում է Քոչարյանը:

«Ինչ վերաբերում է համամասնականին, ապա ես նժդեհական գաղափարախոսության կողմնակից եմ, բայց 10 տարուց ավելի է` ընդունում եմ Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ)»,- հավելում է նա:

Քոչարյանն օրական 10 ժամից ավելի անցկացնում է «Ֆեյսբուքում»: Բլոգերը համոզված է՝ սոցիալական այս հարթակը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա քվեների ձեռքբերման առումով, քանի որ այստեղի օգտատերերն արդեն կողմնորոշված են ու քաղաքականապես գրագետ:

Քոչարյանը կուսակցություններին անգամ խորհուրդ է տվել շատ ռեսուրսներ չօգտագործել «Ֆեյսբուքում». «Սոցիալական ցանցերը հիմնականում ինֆորմացիան արագ տարածելու, տեղի ունեցող ընտրախախտումները բացահայտելու կամ նույնիսկ իրավիճակը ապատեղեկացնելու կամ խեղաթյուրելու լավ գործիք են»:Վարպետ Օնիկի գործերից

Բլոգերը նաև տեղեկացնում է՝ «Ֆեյսբուքում» մեծ թիվ են կազմում արհեստական՝ ֆեյք, օգտատերերը, որոնցից մեկը, նրա համոզմամբ, Վարպետ Օնիկն է, ում անվան ներքո մի քանի մարդ է գրում:

Վարպետ Օնիկին «Ֆեյսբուքում» ճանաչում են հումորային կոլաժներով, որոնք բարձրաձայնում են ներկա կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ու նրանց կողմից մեծամասնական ցուցակներով ներկայացված թեկնածուների թերություններն ու սխալները: Նա հումորային ոճով է արձագանքում Քոչարյանի ասածին.

«Դե, հայտնի իշխանամետ մարդ է, կիմանա, էլի: Իսկ եթե լուրջ՝ լսել եմ, որ տարբեր հեքիաթներ են պատմվում իմ համեստ անձի մասին… չէ´, ես ես եմ, բաց, անկեղծ, ուղիղ, եթե որևէ մեկը իմ «հերոսների» մեջ կգտնի մի անմեղ ու մաքուր մարդ, թող առաջինը քար նետի ինձ վրա»:

Վարպետ Օնիկը հայտնում է՝ ինքը Հովհաննես Հովհաննիսյան է, 55 տարեկան, գյումրեցի, ապրում է ԱՄՆ-ի Յութայի նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է:

«Ֆեյսբուքում» եմ ուղիղ մեկ տարի, գրանցվեցի հենց էնպես, զուտ Հայաստանի անցուդարձին «առաջին ձեռքից» տեղյակ լինելու համար, բայց հետո հասկացա, որ հզոր ուժ է, ազատ աշխարհ, որտեղ չկա ո´չ խմբագիր, ո´չ գրաքննություն, որտեղ դու ես ու քո խիղճը, որտեղ իշխանության ձեռքերը շատ կարճ են, որտեղ երկրի «առաջին փեսան» ոչինչ չի որոշում, թե ի´նչը գնա եթեր, ինչը՝ ոչ: Պատկերացնում եք` ի՞նչ կլիներ, եթե ամբողջ Հայաստանը Հ1-ի փոխարեն «Ֆեյսբուք» նայեր: Իմ կարծիքով` այսօր «չորորդ ուժ» կոչվածը ինտերնետն է»,- համոզված է «Ֆեյսբուքում» ամեն օր 4-5 ժամ անցկացնող Վարպետ Օնիկը:

Նրան սոցիալական հարթակներում համարում են ՀԱԿ-ի ներկայացուցիչ, սակայն, ինքը պնդում է, որ կուսակցական չէ, ընդամենը համակրում է ՀԱԿ-ի գաղափարներին.

«Այժմ մի խումբ թայֆաներ երկիրը բաժանել են իրար մեջ և իրենց դրել օրենքից դուրս, որտեղ երկրի նախագահը այսօր «Հավատանք, որ փոխենք» լոզունգի տակ, ընկած դռնեդուռ… հանցագործների գովքն է անում (Թոխմախի Մհեր, Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո և այլն)… ՀԱԿ-ում եմ ես այսօր տեսնում (իհարկե, ոչ միայն) շատ ու շատ կրթված, բանիմաց, սրտացավ մարդկանց, հատկապես ջահելների, որոնք ուզում են մաքրել մեր Տունը գողական աշխարհից, կարգուկանոն հաստատել: Աստված տա, որ սխալված չլինեմ, պարզապես ուրիշ կազմակերպված ուժ չեմ տեսնում, որը կարող է այս չարիքի դեմ դուրս գալ»:

Կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` անցած 5 տարիներին Հայաստանում 19 անգամ ավելացել է ինտերնետի բաժանորդների թիվը` դառնալով 380 հազար (յուրաքանչյուր երկրորդ ընտանիքը): «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության տվյալներով՝ «Ֆեյսբուքի» հայաստանցի օգտատերերի թիվը 290840 է, իսկ Հայաստանում ինտերնետից օգտվողների 2/3-ը գրանցված են «Ֆեյսբուքում»:

Կենտրոնի հետազոտությունից պարզվել է, որ «Ֆեյսբուքում» ակտիվ են «Բարգավաճ Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, իսկ «Օրինաց երկիրն» ու կոմունիստական կուսակցությունը՝ավելի պասիվ:

 

Կարինե Իոնեսյան

© Medialab.am