Ինչու են ԱՄՆ-ում մարդիկ զենք ու զուգարանի թուղթ գնում, ինչ տրամադրություններ են օվկիանոսից այն կողմ. Սեդա Արզումանյանը՝ Ինդիանա նահանգից

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ԱՄՆ-ում բոլորի համար անսովոր և անհասկանալի է, սակայն մարդիկ հավատում են, որ կարող են դիմակայել:

«Կոլեգաներիս հետ եմ խոսում, խուճապի մեջ չեն, բայց մտահոգություն կա»,- նշում է Ամերիկայի Ինդիանա նահանգի Նոբլսվիլ քաղաքում բնակվող Սեդա Արզումանյանը: Նա պատմում է, որ մթերքի խանութներում բավական գնումներ են մարդիկ կատարում, որոշ օրեր նկատել է, որ խանութների մսի, կաթնամթերքի, ինչպես նաև թղթի բաժինները դատարկ կամ կիսադատարկ են եղել: 

«Ամերիկայում մարդիկ հավանաբար հայերի նման կտորե սրբիչ չեն օգտագործում, այդ պատճառով զուգարանի թղթից բացի նաև թղթի սրբիչներն էին արագ սպառվում»:

Լուսանկարը՝ Սեդա Արզումանյանի


Ասում է, որ խանութներից հայտնի Կրոգերը, որը շուրջօրյա էր աշխատում, նամակով տեղեկացրել է, որ սկսելու են աշխատել առավոտյան 8:00-ից մինչև 10:00-ը, որովհետև իրենց հավելյալ ժամանակ է անհրաժեշտ ապրանքը դասավորելու համար: «Խանութում որոշ ապրանքներ սահմանափակ քանակությամբ են տալիս, օրինակ՝ ջուրը, հիգիենայի պարագաները, այդ ապրանքների վրա փակցված է, որ 5 հատից ավելի չի թույլատրվում, որպեսզի այդ օրը բոլորին հասանելի լինի»:

Սեդան նշում է, որ թեպետ արտահայտված խուճապ չկա, բայց իրավիճակը մտահոգիչ է. «Զենքի խանութներում հերթ է, մարդիկ զենք են գնում, կարծում եմ՝ այն պատճառով, որ իրենց պաշտպանված զգան, քանի որ վախենում են, որ գուցե իրավիճակը այնքան սրվի և սննդի խնդիր լինի, գողություններն ու հանցագործությունները շատանան»:

Ասում է, որ սենատոր Ռամինի առաջարկով քննարկվում էր, որ ամերիկացի չափահասներին տրամադրվեր 1000 դոլար արժողությամբ կտրոն, որ հաղթահարեն վիճակը. «Թրամփը հավանություն է տվել այս առաջարկին և անգամ ասել է, որ գուցե ավելի լինի օգնությունը, քան 1000 դոլարն է»:

Սեդան նշում է, որ մարդկանց գիտակցությունը բավական բարձր է, փորձում են կանոններին հետևել, կազմակերպությունները մտածում են, թե ինչպես մեծ միջոցառումները, կոնֆերանսները օնլայն անցկացնել. «Մարտի վերջին ես պետք է գնայի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաք՝ ֆանդրեյզինգին նվիրված մեծ կոնֆերանս, հազարավոր մարդիկ պետք է մասնակցեին, սակայն չեղյալ հայտարարվեց, և կազմակերպիչներն արագ մտածեցին այլ ձևով անցկացնել, կոնֆերանսը օնլայն են տեղափոխել ու մասնակիցներին առաջարկում են մասնակցել օնլայն տարբերակով»:

Ասում է, որ շատ բիզնեսներ մեծ մասամբ հեռավար են դարձրել իրենց աշխատանքը, որոշ բիզնեսներ փակվել են, օրինակ՝ մարզասրահները, իսկ որոշ ռեստորաններ փոխարինել են իրենց ծառայությունները առաքման ծայայությունների: «Մարդիկ քննարկում են, թե ինչպես այս իրավիճակում իրար օգնեն: Օրինակ՝ Ֆեյսբուքի էջերում առաջարկներ են գրում, որպեսզի գնան հարևան տներում ապրող մեծահասակներին առաջարկեն նրանց փոխարեն գնումներ կատարել, որ նրանք տնից դուրս չգան, և վարակվելու հնարավորությունը ավելի փոքր լինի»,- ասում է նա:

Թեպետ դպրոցի դասերն այժմ հեռավար են իրականացվում կորոնավիրուսով պայմանավորված, սակայն դպրոցներում այն երեխաները, որոնք անվճար սնունդ էին ստանում, շարունակելու են ստանալ, և ընտանիքները կարող են գրանցվել ու գնալ այդ ուտելիքը վերցնել ու տուն բերել:

«Հիմնադրամները նույնպես սկսում են արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակին, օրինակ ՝ Lilly-ն, որն ԱՄՆ-ի հզոր դեղագործական ընկերություններից մեկն է, այժմ միավորում է իր ջանքերը կորոնավիրուսի դեմ թերապևտիկ լուծումներ գտնելու հարցում, Բիլ Գեյթսը դրամաշնորհներ է տրամադրում նրանց, որոնք կգտնեն դեղորայքային կամ պատվաստման տեսքով լուծումը»,- ընդգծում է Սեդան:

Արփինե Արզումանյան

MediaLab.am