Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է , որ վայր է դնում մանդատը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։

Մենք այսօր այլեւս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք եւ միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին եւ Արցախին այլեւս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։

Ես կա՛մ եւ մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, եւ հիմա շատ ավելի վճռական եւ ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ Ես կա՛մ եւ լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։

Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք:Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ։

Հավատացեք, այս տարիների իմ կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։

Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք։

Հ. Գ. Իմ լրագրող գործընկերներին. ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, եւ ո՛չ վաղը։ Դա եղել է իմ կենսագրության կարեւոր հատվածներից մեկը, որի հանդեպ ես հարգանք ունեմ»։