«Մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց բոլորին…». «Ալամեզոն» Բլոգ

«Մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց բոլորին…». «Ալամեզոն» Բլոգ
«Մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց բոլորին…». «Ալամեզոն» Բլոգ

– Առաջինը` դո՛ւ: 
– Ինչի՞ որ ես, հենա դո՛ւ փորձի:

– Չգիտեի, որ դու տենց վախկոտ ես, Վիետնամում ամեն ինչ փորձում էիր: 

– Պա՛հ, թե չէ դու չէի՞ր փորձում: 

– Հա՛, բայց միշտ քեզանից հետո,- իրենը պնդեց սկեսրայրս:

Սկեսուրս հոգոց հանեց ու բանկան քաշեց իր առաջ: 

– Ախր, ոնց որ նավթ լինի: 

– Նավթ չի, Դոմինի՛կ, ընդամենը սիրոպ է` ընկույզի հատիկներով,- մի կերպ ասեցի ես, որովհետև այնքան էի ծիծաղել, էլ չէի դիմանում:

Դոմինիկն ամբողջ ուժերը հավաքեց, բանկայից հանեց ընկույզը, աչքերը փակեց և սկսեց համտեսել.

– Օհո՜, չէի սպասում, որ այսքան քաղցրահամ է: Տարօրինակ է, բայց անհավանական համ ունի: 

Սկեսրայրս հարցրեց. 

-Լա՞վ ես, Դոմինի՛կ, ոչ մի տեղդ չի՞ ցավում: 

– Անկեղծ` համեղ է, Լուսիե՛ն: Ա՜յ քեզ հետաքրքիր բան:

– Տո՛ւր էստեղ,- զգուշորեն բանկան վերցրեց Լուսիենը: 

Այստեղ մի պահ զգաստացա. Լուսիենը շատ էլզասցի է, անգամ ֆրանսիական ուտեստներից շատերը չի սիրում, ո՜ւր մնաց ընկույզի մուրաբան… Փորձեց.

– Անհավանակա՜ն: Չէ՛, բայց անկեղծ` շատ համեղ է: 

Այստեղ անգամ ամուսինս` Ջոն, տեղի տվեց, վերցրեց ու փորձեց: 

– Ո՞նց եք պատրաստում, ո՞նց է հնարավոր ընկույզի մուրաբա:

– Ա՜խ, Դոմինի՛կ, մենք` հայերս, ինչից ասես մուրաբա չենք պատրաստում,- ոգևորված սկսեցի գլուխ գովել,- էլ ընկույզ, դդում, անգամ` սմբուկ… 

Ու սենյակը լցվեց պատմություններով` մեր գյուղի, ընկույզի ծառի, որին պապս չէր թողնում մոտ գնայինք, տատիս ու իմ սևացած մատների մասին, շարվեցին իրար կողքի` ծնողներիս բնակարանում, խառնվեցին թեյի, սուրճի ու ընկույզի մուրաբայի բուրմունքի հետ ու դուրս եկան պատշգամբից զբոսնելու երեկոյան Ստրասբուրգում…

Տունդարձի ճանապարհին մտածում էի` մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց ամենահամեղ և հայտնի խոհանոցի ժառանգներին…

Միշտ ընկճվում ենք` մի բուռ երկիր Հայաստան… մի բուռ երկիր, որ ցանկության դեպքում մի մեծ բրենդ կարող է դառնալ իր խոհանոցով…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog