Չպետք է զարմանալ Ալիևի կոշտ դիրքորոշումներից, դա Փաշինյանի «տաղանդավոր դիվանագիտության» հետևանքն է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի արձագանքը Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

– Հայաստանը, ըստ էության, պաշտոնական արձագանք չի արել, եթե արտգործնախարարության արձագանքը հաշվի չառնենք, որը պոստֆակտում դատապարտում էր, բայց այնտեղ չկային ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կանխելու գործուն մեխանիզմներ։ 

Առավել տարակուսելի էր վարչապետի արձագանքը․ ես չգիտեմ՝ ո՛ւմ էր դիմում, որ իրեն պարզաբանեն Ալիևի պնդումները կամ ագրեսիվ հայտարարությունները, Ալիևի հռետորաբանությունը միշտ նույնն է եղել՝ Մոսկվայից ու Բրյուսելից առաջ, հետո։ 

Ինձ մոտ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ի՛նչ է բանակցում, որովհետև եթե զգուշացրել էինք՝ ես ու բազմաթիվ այլ մարդիկ, որ եթե նա, ըստ էության, ընդունում է Ղարաբաղի ինտեգրումն ունիտար Ադրբեջանին ու որևէ փաստաթղթավորված երաշխիք չի ուզում ԼՂ-ի քաղաքական սուբյեկտության, ինքնավարության համար, սրան հաջորդելու էին Ալիևի այն հայտարարությունները, որ մենք լսեցինք մայիսի 28-ին։ 

Այսինքն՝ այս ամենը Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր դիվանագիտության» հետևանքներն են, հիմա չպետք է զարմանալ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումներից, դրանց անշուշտ կհաջորդեն գործողություններ, որովհետև, որպես կանոն, այդպես է լինում, ադրբեջանական քաղաքականությունն է դա։ 

– Դե, արդեն սկսել է այդ գործողությունները՝ Արցախում հրադադարը խախտելով։

– Այո՛, դա ադրբեջանական ձեռագիրն է։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, բխում է Հայաստանի արտաքին քաղաքականությունից։

– Նմանատիպ հայտարարություններով ու գործողություններով Ադրբեջանն այս փուլում՝ Արցախի մասով ինչի՞ է ուզում հասնել։

– Ադրբեջանի քաղաքականությունը փուլային է․ նախ նրանք պահանջ դրեցին ու հասան նրան, որ Լաչինի միջանցքում հաստատվի իրենց կողմից իրականացվող վերահսկողություն: Այդ խնդիրը լուծեցին, հետո՝ պաշտպանության բանակի կազմաքանդման խնդիր դրեցին, թղթի վրա կազմաքանդված չէ իհարկե, բայց ակնհայտ է, որ անկլավում պաշտպանական կարողությունների մասին խոսելը մի քիչ լուրջ չէ: Զենքի մատակարարումներ, բնականաբար, չկան, այդ դեպքում բանակը չի կարող լիարժեքորեն իր ստրուկտուրաները զարգացնել։ 

Հիմա Ալիևն անցել է սուբյեկտության ոչնչացման վերջին փուլին․ նա մայիսի 28-ին, ընդ որում՝ հատկանշական է, որ Լաչինից, հայտարարեց Արցախի պետական ինստիտուտները լիկվիդացնելու ցանկության մասին: Բնականաբար, նա հասկանում է, որ սա քաղաքական սուբյեկտության ոչնչացման վերջին արարն է, ու ամենամեծ ողբերգությունն այն է, որ Ալիևը այս հայտարարություններն անում է՝ միջազգային համատեքստը հաշվի առնելով: 

Նա շատ լավ հաշվարկել է, որ ուկրաինական պատերազմում էսկալացիայի նոր փուլ է, մենք արդեն լսում ենք, որ ԱԹՍ-ները հասել են Մոսկվա, սա իր հերթին բերելու է Ռուսաստանի կարողությունների ավելի սահմանափակման, մյուս կողմից՝ արևմտյան երկրներն ավելի են թաթախվելու ուկրաինական կամպանիայում, և նրանց օրակարգերում մեր խնդիրները լուսանցքային նշանակություն են ունենալու։ 

Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ «Թալիբանի» ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև են խնդիրներ առաջանում, իսկ դա նշանակում է, որ Իրանը իր հերթին գուցե ավելի կաշկանդված լինի մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների հարցում։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ Ալիևը գտել է հարմար պահը ու հաշվարկում է, որ միջազգային որևէ լուրջ հակազդեցության չի հանդիպի, Արցախի մասով հաստատ չի հանդիպի, որովհետև միջազգային հանրությունը, ցավոք սրտի, կոնսենսուս ունի այն հարցում, որ Արցախի սուբյեկտությունը պետք է ոչնչացվի: 

Սա ցավալի է, բայց փաստ է, որովհետև Հայաստանի կողմից հակառակ ուղղությամբ որևէ աշխատանք չտարվեց, ու հիմա մենք գործ ունենք, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի գեղեցիկ արտահայտություններով դա կքողարկի, դասական մի իրավիճակի հետ, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասով իրականություն է դառնում Ալիևի «ռեինտեգրացիայի» օրակարգը։

– Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը պատշաճ ու կոշտ կարձագանքի «Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքներին»։ Ռուսաստանից նման արձագանք սպասե՞նք, պարո՛ն Սուրենյանց։

– Ես շատ կուզեի, որ Արցախի ԱԳՆ-ի սպասելիքներն իրականություն դառնային, բայց ստիպված եմ հիասթափեցնել։ Ես ուզում եմ ընդգծել, որ Ալիևը նման ագրեսիվ հայտարարություն անում է Մոսկվայից վերադառնալուց երեք օր հետո և Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողով մեկնելուց երեք օր առաջ, այսինքն՝ եթե նա նման անկաշկանդ, ցինիկ կեցվածք է որդեգրում Մոսկվայի ու Քիշնևի արանքում, հաստատում է այն, որ առավել քան վստահ է, որ միջազգային որևէ լուրջ հակազդեցության՝ Հյուսիսից կամ Արևմուտքից, Արևելքից կամ Հարավից, չի հանդիպելու։

– «Վահագն Խաչատուրյան- Նիկոլ Փաշինյան հանդիպման տպավորությունը շատ ծանր է: Այնպիսի տպավորություն է, որ այս զույգը սպառել է դիվանագիտական բոլոր ռեսուրսները ու հիմա աշխարհից ու Ադրբեջանից խաղաղություն է մուրում». ձեր գնահատականն է նախագահի ու վարչապետի երեկվա հանդիպմանը։ Ի՞նչ հիմքերով եք նման եզրահանգում անում։

– Այդ հանդիպումները նորմալ կլինեին, եթե դրանց ընթացքում մենք տեսնեինք պաշտոնական Երևանի օրակարգը։ Տպավորություն է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը խաղաղություն են աղերսում միջազգային հանրությունից ու Ադրբեջանից այն պարագայում, երբ Հայաստանի դիվանագիտական ռեսուրսները սպառվել են: Բայց այդ պարագայում սա նման չէ խաղաղության, որովհետև դրան հասնում են արդյունավետ դիվանագիտության միջոցով, իսկ երբ ինչ-որ բան աղերսում ես, դա ավելի շուտ ունի այլ ձևակերպում, այն է՝ կապիտուլյացիա։ 

Համենայնդեպս, նստել դեմ դիմաց ու ինչ-որ թատերական ներկայացման ձևով ողջունել վարչապետի ջանքերը, նա էլ շնորհակալություն է հայտնում նախագահին ու ասում՝ «ես չգիտեմ՝ Բաքուն հավատարի՞մ է պայմանավորվածություններին, թե՞ չէ», սա շատ վատ բեմականացված ներկայացման է նման։

– Դրանով ի՞նչ են ուզում ցույց տալ։

– Արտաքին աշխարհին ինչ-որ մեսիջներ են հասցեագրում, բայց արտաքին որևէ դերակատար մեղավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, թե ի՛նչ է բանակցում։ Ակնհայտորեն հիմա Փաշինյանը խոր հիասթափություն է ապրում բրյուսելյան հարթակից, որ Մոսկվայից հիասթափված է, դրա մասին խոսեց թե՛ Մոսկվայում, թե՛ խորհրդարանում, իսկ արդեն երեկոյան անթաքույց հիասթափություն էր արտահայտում բրյուսելյան հարթակից։ 

Այսինքն՝ մենք հայտնվել ենք շատ անբարենպաստ իրավիճակում, երբ բանակցային բոլոր հարթակների հետ կապված Փաշինյանն ունի լուրջ վերապահումներ, իսկ սա Հայաստանին կանգնեցնելու է անբարենպաստ երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է համաձայնի Ադրբեջանի պայմաններին ու ստորագրի շատ նվաստացուցիչ մի համաձայնագիր, որում նույնիսկ 29.800 քառակուսի կիլոմետրը երաշխավորված չէ, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում սանտիմետր անգամ նահանջել այն տարածքներից, որոնք օկուպացրել է, դելիմիտացիան, դեմարկացիան նման են լինելու ավտոմատի փողի տակ անցկացվող գործողության, էլ չեմ խոսում «անկլավների» ու այլնի մասին, կա՛մ Նիկոլ Փաշինյանը դարձյալ շեշտը դնելու է ձգձգման մարտավարության վրա, որը կարող է վերջանալ նոր, ավելի մեծ էսկալացիայով։ 

Փաշինյանը գերադասում է ոչ թե բանակցային ծանր լուծումը, որտեղ պատասխանատվություն կրելու է ինքը, այլ՝ հանձնել արյունով, որպեսզի երկրի ներսում զերծ մնա դավաճանի պիտակը կրելուց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am