Տեսնելով, որ բարեկամները պատվաստվելուց հետո խնդիր չեն ունենում, առանց վախենալու գալիս են. Բժիշկն ընթացքից մանրամասներ է ներկայացրել

«Պատվաստվում ենք, որ չվարակվենք, որ ավելի լավ զգանք մեզ: Մի քիչ էս հերթերն են հոգնեցնում, բայց հասկանում ենք, բժիշկների դրության մեջ էլ ենք մտնում, ծանրաբեռնված աշխատում են»,- «Մեդիալաբին» ասում են «Թիվ 2 բուժմիավորման» առաջին տեղամասում հավաքված քաղաքացիները, որոնք արդեն պատվաստվել են COVID-19-ի դեմ և հիմա սպասում են բժիշկ-թերապևտ Սյուզաննա Հակոբյանին, որպեսզի լրացնի իրենց պատվաստումը հաստատող համապատասխան թուղթը:

Ապրիլի 13-ից Երևանում, ապրիլի 14-ից՝ ՀՀ մարզերում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերով։ 

Ի տարբերություն առաջին շաբաթվա՝ վերջին օրերին բնակչության շրջանում ակտիվություն է նկատվում, մարդիկ ինքնակամ գալիս են պատվաստվելու, «Մեդիալաբին» վստահեցրեց «Թիվ 2 բուժմիավորման» առաջին տեղամասի բժիշկ-թերապևտ Սյուզաննա Հակոբյանը:

«Բնականաբար, ժամանակի հարց է, մարդիկ պետք է գիտակցեն, որ պատվաստվելը պարտադիր է: Նկատելի է, սակայն, որ մարդկանց մոտ դրական դինամիկա կա՝ տեսնելով, որ իրենց հարևանը, բարեկամը պատվաստվում են, և որևէ խնդիր չի ունենում դրանից հետո, մարդիկ սկսում են առանց վախենալու մոտենալ խնդրին»,-ասում է բժիշկը:

Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգը, ըստ որի, «Սպուտնիկ V» պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան անձինք, իսկ 55 տարեկանից բարձր քաղաքացիները՝ «ԱստրաԶենեկա»-ով, մինչև հիմա գործում է, բայց, ինչպես ասաց բժիշկը, եթե պացիենտն ունի նախընտրելի պատվաստանյութ՝ պատվաստվում է հենց դրանով:

«Կան մարդիկ, որոնք կտրականապես հրաժարվում են պատվաստվել, մենք, բնականաբար, աշխատանք ենք տանում, բացատրում, որ ցանկացած պատվաստանյութ ունի իր կողմնակի ազդեցությունը»,- ասում է բժիշկ Հակոբյանն ու հավաստիացնում, որ պատվաստվողները գտնվում են իրենց հսկողության տակ և այս ընթացքում որևէ մեկի մոտ լուրջ հետևանքներ չեն եղել, այս պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները իրենք չեն տեսել: 

«Հիմնականում ջերմության բարձրացումն է, ինչը նկատվել է հաջորդ երկու օրերին և միայն՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց մոտ, որը, սակայն, բնական է: Մեկ անձի մոտ էլ գլխապտույտ է եղել»,- պատմում է մասնագետը:

Երեք շաբաթվա ընթացքում պատվաստվել է 20 և ավելի մարդ: Բժշկի խոսքով՝ ամեն օր հերթագրում են, նախապես զննում մարդկանց, ապա իրականացնում են պատվաստման գործընթացը:

«Պարտադիր զննություն են անցնում բոլորը՝ ամեն մեկինը տարբեր, բայց ընդհանուրը՝ արյան անալիզն է: Պատվաստվողը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, եթե ունեն քրոնիկական հիվանդություններ և պառկած են հիվանդանոցում՝ էպիկրիզներ»,- ասում է բժիշկը:

Բժիշկ-թերապևտի խոսքով՝ ինքնակամ պատվաստվողների և նրանց միջև, որոնց իրենք են զանգում և կանչում պատվաստման, հարաբերակցությունը 50:50 է:

«Դեպքեր են լինում, երբ զանգում եմ, ասում են՝ վա՜յ, չէ՛, չէ՛, բժի՛շկ ջան, ի՞նչ եք ասում, ի՞նչ պատվաստվել: Մեր ժողովուրդը ուղղակի քրոնիկական սթրեսի մեջ է գտնվում: Կոնկրետ պատճառ չեն կարողանում ասել, հիմնական վախն այն է, որ կարող է սկսվել համատարած արյան մակարդելիություն, ավելի շատ վախենում են թրոմբներից: Այն, ինչ լսել են, ինչ տարածված է, մենակ դա են կրկնում»,- ասում է Հակոբյանը:

Մասնագետը նշում է, որ մարդիկ հիմնականում նախընտրում են «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը՝ առանց հիմնավոր բացատրության: Բժիշկ Հակոբյանը ևս խորհուրդ է տալիս «ԱստրաԶենեկա»-ն՝ դարձյալ առանց հիմնավորման, ուղղակի այս պատվաստանյութն ավելի շատ է «իր սրտով»:

«Ինձ մոտ հիմնականում 70 և բարձր տարիքի մարդիկ են գալիս, բայց կան նաև երիտասարդներ՝ 25-30: Պատվաստում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրի քաղաքացիների, բայց մեր համաքաղաքացիների հոսքն ավելի շատ է՝ օտարերկրյա քաղաքացիների համեմատ»,- պատմում է բժիշկը:

Պատվաստումից հետո բժիշկը լրացնում է համապատասխան հավաստագիրը, որում նշվում են պատվաստման առաջին և երկրորդ փուլերի ժամկետը, պատվաստանյութի անվանումը և պատվաստվողի անձնագրի տվյալները:

Նշենք, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձինք 21 օր հետո պետք է երկրորդ անգամ պատվաստվեն, իսկ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստվածների պատվաստման երկրորդ փուլը կատարվում է 8-12 շաբաթ հետո:

Բժիշկ-թերապևտ Սյուզաննա Հակոբյանն ասում է, որ հիմնականում կա՛մ ամբողջ ընտանիքով են գալիս պատվաստվելու, կա՛մ ողջ ընտանիքը դեմ է:

«Չպատվաստվելու զավեշտալի պատճառաբանություններ ասում են հիմնականում տատիկները՝ թե այս ամենը սարքած է, թե մեր ազգի վերջն ուզում են տալ»,- ծիծաղը զսպելով՝ պատմում է բժիշկ Հակոբյանն ու բոլորին խորհուրդ տալիս՝ անպայման պատվաստվել:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am