«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները www.DaphneArmenia.com կայքում:
«Շուշիում էինք: Ռմբակոծությունը մի քիչ թուլացավ, սոված էինք ու շա՜տ ծարավ, բայց մեր բախտից լավ խիտ մառախուղ էր: Բերաններս բացեցինք, որ կուլ տանք, ծարավն անցնի: Սկսեցինք երազել: Հարցրի՝ Դավո՛, որ պատերազմն ավարտվի, առաջինն ի՞նչ կուզես, ասաց՝ ժարիտ եմ ուզում ուտել: Ես էլ ասացի՝ իսկ ես մի մեծ բաժակ բանանի սմուզի կխմեի: Քիչ անց մեր սանհրահանգիչներից Սամոն եկավ՝ ափերի մեջ մանդարիններ առած: Կերանք՝ ի՜նչ համով էին»:
Նարնջագույն մանդարինները մոխրագույն պատերազմի ֆոնին մի տեսակ հակադրություն են, դաժանության դեմ գունավոր ու միամիտ պայքար: Քիչ անց Տիտանն իմացավ, որ մանդարինները դիակների տակից էր պատահմամբ գտել սանհրահանգիչը, ու դրանց մի մասը արյունոտ էր:
Ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
2020-ի աշնան առաջին ամսվա 27-րդ օրը հերթական օր էր՝ անսովոր ոչինչ չէր կատարվում։ Հավանական պատերազմի վտանգի մասին զգուշացրել էին, ինքն էլ ամեն բան պատրաստ պահած ուներ, հագուստն էլ զորամաս գնալու ճանապարհին հագավ։ Պատերազմի սկզբին, երբ դեռ նորաթուխ բժշկին հայտնի չէր, թե ինչ է կռիվը, ամեն բան հաջողվում էր ըստ պլանի ու արարողակարգի անել՝ բուժտագնապ, տարհանում, այլ վայրում ծավալման հրահանգներ և այլն։
«Նկարում էի, վերջացրի, պառկեցի քնելու։ Առավոտյան արթնացա Հաթերքի դիրքերի ռմբակոծության ժամանակ։ Ինձ թվում էր՝ երկինքը հիմա գլխիս կփլվի։ Մտածեցի՝ սկսվեց»։
Սաղավարտը մոռացած, բոթասներով ու անհրաժեշտ իրերը ձեռքին ճանապարհ ընկավ: Մտքում հիշեց դասական բժշկության բոլոր մանրուքները, որ հետո պիտի հերքվեին հազար անգամ:
«Հրամանատարս այնքան անխռով էր կանգնել շտաբի մուտքի մոտ, որ մի պահ քարացա։ Մտածում էի՝ հիմա դիտողություն կանի, որ սաղավարտ չեմ հագել, բայց նայեց ինձ ու ասաց՝ դո՛ւխ տուր էնտեղ, դու «Եղնիկներում» ծառայած ես, բոլորից լավ գիտես ամեն ինչ։ Պատրաստ ես, չէ՞։ Ճիշտ այդպես, պարո՛ն փոխգնդապետ»:
Տիտանն ասում է, որ պատերազմում տպավորիչ շատ բան է լինում։ Այդ ընթացքում ողջ տպավորությունն իհարկե լղոզվում է սահմռկեցուցիչ դեպքերի պատճառով, բայց հետո վերլուծելով՝ սկսում ես գիտակցել, որ կռվում անկարևոր ու կարևոր պաշտոններ, մարդիկ չկան։
«Երբեք չեմ մոռանա բուժքրոջս՝ Ալլա Էմիրյանի քաջությունը, հոգատարությունը։ Մատաղիսում ո՜նց էր վազում պայթող արկերի տակ, ո՜նց էր ինքն իրեն մոռացած օգնում վիրավորներին։ Մի անգամ Ալլան չլացեց, ընդհակառակը՝ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ կլինի։ Երբ իմացանք, որ հրամանատարը զոհվել է, զորքի մեծ մասի ճակատագիրն էլ անհայտ էր, Ալլան էր, որ չհուսահատվեց այն դեպքում, երբ ես հուսալքված՝ չգիտեի գլուխս ո՛ր պատին տալ։ Շատ տղամարդիկ լքեցին Արցախը, Ալլան մնաց»:
Մահը պատերազմում շատ արագ է սովորական դառնում։ Տիտանը, սակայն, շատ բաների հետ այդպես էլ չկարողացավ հաշտվել՝ փախուստի, իրար դավաճանելու, լքելու․․․ Հիշում է իր վարորդին՝ կռվի համար շատ երիտասարդ Դավոյին, որ մի վայրկյան չլքեց «դոկտըրին»՝ Տիտանին։
«Դավոս լուսավոր կետ է, չէ՛, կետ իմաստով չէ, այլ կենդանու՝ այ այդքան մեծ կետ է ինքը։ Չգիտեմ՝ իրեն եղբայր կոչեմ, ընկեր, հարազատ, Դավոն մարդ է, որի հետ պատերազմ ենք անցել, հերիք ա, չէ՞: Պատերազմում օրեր կան, որ ասոցացնում եմ Ed Sheeran-ի I see fire into the mountains երգի հետ, բառերը լրիվ այդ օրերի համար են գրված:
Նրան ի սկզբանե վստահում էին: Տղաներից շատերն էին հետո Տիտանին խոստովանում, որ երբ իրեն տեսնում էին տարածքում, մտածում էին՝ «որ մեռնենք, տուն կհասցնի, որ վիրավորվենք, հաստատ կփրկի, մեզ չի թողնի»:
Տիտանը փրկել է երիտասարդի անգամ այն պահին, երբ գիտակցել է, որ իր կարդացած բոլոր գրքերում նման վիրավորում ունեցողները չեն փրկվում: Ասում է՝ ափսոս, որ պատերազմն էլ ընտրություն է կատարում, ու բոլորին փրկել չես կարող. «Նման պահերին սկսում ես քո կյանքն էլ նժարին դնել ու հարցեր տալ՝ ինչո՞ւ եմ ապրում»:
Դավոյի հետ Շուշի ենք գնացել՝ իմանալով ու լրիվ գիտակցելով, որ հետ գալու հավանականությունն էնքան չնչին է, որ նույնիսկ չարժի մտածել այդ մասին: Նման դեպքերում էնքան պետք են Դավոներ՝ ամուր, վստահ ու ինքնամոռաց»:
Ավելին՝ ստորև: