Մամուլի ազատության օրը` անազատ մամուլով

Այսօր` մայիսի 3-ին, Հայաստանում եւս նշում են մամուլի ազատության համաշխարհային օրը:  Սակայն, ըստ մասնագետների, դեռ վաղ է խոսել Հայաստանում մամուլի ազատության մասին. մամուլի ազատության օրը հայկական ԶԼՄ-ները դիմավորում են դատական հայցերով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում մտահոգություն է հայտնվում Հայաստանում մամուլի ազատության վիճակով:

«Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար»,- ահազանգում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առնչությամբ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների:

Մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը»,- նշվում է կազմակերպության հրապարակած զեկույցում:

Կազմակերպության հայտարարության մեջ նաև արձանագրված է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել են 12 դատական հայցեր, և դրանց գլխավոր թիրախն անկախ պարբերականներն են:

Հայ փորձագետները ևս այն կարծիքին են, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում մամուլի ազատության մասին:

«Հայաստանյան մամուլը «կիսաազատից» «ոչ ազատ»-ի վտանգավոր եզրագծում է»,- մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ հայաստանյան մամուլը վերջին տարիներին ավելի շատ հետընթացի միտումներ է դրսևորել: ԽԱՊԿ ղեկավարն այն կարծիքին է, որ քաղաքական գործիչներն այնքան էլ հանդուրժող չեն մամուլում հնչող քննադատությունների նկատմամբ և ցանկանում են, որ ԶԼՄ-ներն ավելի կառավարելի լինեն: «Մամուլի սուրբ պարտքն է քննադատությունը, դա համաշխարհային ստանդարտ է, բայց դա պետք է անել բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ»,- ասել է Մելիքյանը:

Նշենք, որ մեկ օր առաջ էլ` մայիսի 2-ին, իրավապաշտպան մեկ այլ կազմակերպություն` Freedom House-ը, հրապարակել էր մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույց, որի համաձայն` Հայաստանը շարունակում է գտնվել ոչ ազատ երկրների շարքում:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am