Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը. Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Այս պահի դրությամբ որևէ կարգավորում չկա հեռուստաալիքների հերթականության հետ կապված: Երբ հեռուստացույց եք միացնում, անկախ նրանից՝ դա որևէ կաբելային օպերատորի միջոցով եք դիտում թե սովորական հեռուստացույցի թվային ընդունիչով, կարգավորում չկա: Շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Օրենքի նախագծով կարգավորվում է ալիքների հերթականությունը:

«Առաջին հերթին նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին: Շատ կարևոր եմ համարում, որ մարզային հեռուստաընկերությունները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո»,- ասաց Գաբրիելյանը: