«Շարունակվող անորոշությունը կխորացնի արտագաղթը. Աստված մի արասցե, եթե գործունյա, կրթական բարձր մակարդակով խավը որոշի հեռանալ». Ժողովրդագրագետ

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

– Պարո՛ն Մարկոսյան, կանխատեսումներ կան, որ սահմանները բացվելու դեպքում Հայաստանից արտագաղթի տեմպերը կմեծանան։ Ի՞նչ միտումներ կարող են լինել։

– Անորոշությունը շատ մեծ է։ Հասկանալի է, որ մի քանի ռիսկեր կան՝ անվտանգային, քաղաքական անորոշություն, ապագայի նկատմամբ անորոշություն, այսինքն՝ հասկանալի չէ՝ քաղաքական փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Բոլոր ոլորտներում կատարյալ անորոշություն է տիրում այսօր։ Եվ, բնականաբար, ինչ-որ տեղից պետք է սկսել։ Գոնե քաղաքական կայունություն պետք է հաստատվի։ Հասկանում ենք, որ այս պարագայում խոսել Հայաստանում սոցիալական, տնտեսական լուրջ գործընթացների մասին, այնքան էլ լուրջ չէ։

Այս ամենը ճնշում է մարդկանց, և հաջորդ տարի, նաև կորոնավիրուսի գործոնով պայմանավորված, ժողովրդագրական իրավիճակի վատթարացում է լինելու։

Ցավոք սրտի, այս պայմաններում հնարավորություն չկա որևէ հետազոտություն անցկացնելու, բայց կորոնավիրուսի պատճառով երկրում ամուսնությունների անկում է գրանցվել։ Դեռևս հասկանալի չէ, թե պատերազմն ինչ ազդեցություն է թողել ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Բայց այն, որ բացասական ազդեցություն լինելու է, միանշանակ է։

Ինչ վերաբերում է միգրացիոն գործընթացներին, նախորդ տարի մեր ժամանակավոր միգրանտների մեծ մասը չմեկնեց արտագնա աշխատանքի, քանի որ սահմանները փակ էին։ Բայց բավական մարդ էլի գնացել է։

Հայտնի չէ, թե հաջորդ տարի ինչ իրավիճակ կլինի աշխարհում՝ և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում, և՛ եվրոպական երկրներում։ Հասկանալի է, որ մեր ժամանակավոր միգրանտների հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Ես կարծում եմ, որ հենց սահմանները բացվեն, միգրանտները ձգտելու են գնալ Ռուսաստանի Դաշնություն։

Ինչո՞ւ, որովհետև ընկճվո՞ւմ են այս իրավիճակում։

– Մենք ունեինք անվտանգային գոտի, Քարվաճառը նման գոտի էր հանդիսանում։ Եթե մի քիչ խոր նայենք, մենք այնտեղ չէինք կարողացել լայնամասշտաբ վերաբնակեցում ապահովել, դա զուտ գոտի էր։

Հիմա այդ գոտին չկա, և սահմանները մոտեցել են Հայաստանի Հանրապետությանը։ Ես չեմ ասում, որ խնդիրներ են լինելու, բայց, համենայնդեպս, այդ վիճակը հոգեբանորեն ճնշում է մարդկանց։ Մենք հասկանում ենք, որ Վարդենիսից սկսած մինչև Սյունիք նման վիճակն ունենք։ 

– Բայց մյուս կողմից՝ մենք ունենք սահմանամերձ Տավուշի մարզ, որտեղ մարդիկ շարունակում են ապրել իրենց բնակավայրերում։

– Այո՛, ունենք, բայց Տավուշի սահմանամերձ բնակավայրերից բավական մեծ արտագաղթ է եղել։ Եվ եթե ժողովրդագրական տեսանկյունից նայենք, Տավուշը ոչ բարենպաստ մարզ է հանդիսանում։

Հիմա Սյունիքն էլ բարենպաստ չէ այդ տեսանկյունից, Վայոց ձորն էլ։ Բացի հոգեբանական գործոնից, նաև սոցիալական խնդիր կա այստեղ։ Կոնկրետ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերն օգտվում էին Արցախի հարակից շրջանների բարիքներից՝ անասուններն էին այնտեղ արածում։

Այսինքն՝ շատերը իրենց սոցիալական խնդիրները լուծում էին։ Հիմա կառավարությունը պետք է կարողանա գույքագրում անցկացնել։ Ես միշտ խուսափել եմ քննադատելուց, բայց այս պարագայում մտավախություն ունեմ, որ կառավարությունը չի կարողանա ոչինչ անել։

Մեր պետական կառավարման համակարգը դեռևս կորոնավիրուսի համավարակի սկզբից արդեն տապալված էր և հիմա ամբողջական լոքդաունի մեջ է։

Այսօր մենք ունենք նաև Արցախից եկած մեր հայրենակիցների խնդիրը։ Պետք է հասկանալ՝ ո՛ր մասն է գնալու, ո՛ր մասն է մնալու։ Ի՞նչ պետք է անել այդ մարդկանց համար։ Օրինակ՝ Հադրութի շրջանի բնակիչները, թեև քաղաք կար, բայց նրանք գրեթե բոլորը գյուղաբնակներ էին։

Հիմա նրանք որ գնան Ստեփանակերտ, ինչո՞վ պետք է ապրեն։ Ընդհանրապես Արցախի բնակավայրերը հիմնականում գյուղական են, այդ անձանց խնդիրները պետք է լուծել։

– Գուցե պետք է փորձել նրանց Հայաստանի գյուղերում վերաբնակեցնելու ծրագրեր իրականացնել։

– Այո՛, պետք է, բայց, ցավոք, ես նման միտումներ չեմ տեսնում։ Ո՞վ պետք է զբաղվի այդ մարդկանց խնդիրներով։ Լավ, որոշ թվով մարդիկ հետ են գնում, բայց հասկանում ենք, որ մի մասը մնալու է։

Բացի դա, Արցախում բնակֆոնդի մի մասը պատերազմի հետևանքով անպիտան է, ժամանակ է պետք, որ վերականգնվի։ Իմ կարծիքով՝ մարդկանց մի մասը, խոսքը 30-35 հազարի մասին է, չի կարողանալու վերադառնալ Արցախ։

Նաև մարդիկ կան, որ իրենք էլ չեն ուզում վերադառնալ, քանի դեռ իրավիճակը չի կայունացել։ Մենք շատ արագ քարտեզագրում պետք է իրականացնենք, որպեսզի հասկանանք, թե այդ մարդկանց խնդիրները ինչպես պետք է լուծել։

Պետք է այնպես անել, որ այդ մարդիկ մնան Հայաստանում, չհեռանան Հայաստանից, որովհետև մենք մարդկային ռեսուրսի մեծ խնդիր ունենք։ Եվ այդպիսի ռեսուրսը չօգտագործելը հանցագործություն կլինի կոնկրետ իշխանությունների կողմից։ Իրենք պետք է գիտակցեն, սրանք արդեն խաղ չեն, շատ լուրջ է, անվտանգային, ժողովրդագրական խնդիրներ են։

Այս անորոշ վիճակն ինչքան շարունակվեց, այնքան ազդելու է մարդկանց վրա։ Եվ ազդելու է շատ ապահով խավի վրա։

Ես չեմ ասում, որ բոլորն արտագաղթելու են, բայց Աստված մի արասցե, որ մի խավ կա՝ բավական գործունյա, կրթական բարձր մակարդակով, հանկարծ իրենք որոշեն, որ գնալու են։ Ես ձեզ հավատացնում եմ, որ շատ վատ կլինի։

Դա չպետք է թույլ տալ, այս անորոշությունը պետք է շատ արագ վերացնել։ Դա կլինի արտահերթ ընտրությունների միջոցով, թե այլ ճանապարհով, բայց այս անորոշությունը պետք է վերանա, քանի որ ազդում է բոլոր այլ ոլորտների վրա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am