Բայրամովը Բաքվում Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ի հետ բանակցությունները սկսելու մասին. Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որին երկար ժամանակ է՝ Բաքուն չէր ընդունում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հեռանկարները։

Խոսելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին՝ Բայրամովն ասել է, թե «հայկական սադրանքը, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը»։

«Հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ, և մենք շահագրգռված ենք այս ուղղությամբ բանակցային գործընթացը սկսելու հարցում։

Միևնույն ժամանակ, անընդունելի են Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։