Գերիների վերադարձը ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը միտված չէ կայուն խաղաղության կառուցմանը. պատգամավոր

Ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը վստահորեն միտված չէ երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հայրապետյանը նախ հիշեցրեց, որ ԼՂԻՄ  անբաժան մաս կազմող Հադրութն ու Շուշին այժմ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: «Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և նրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման քաղաքականությունը, ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու հստակ քաղաքականությունը վստահորեն միտված չեն երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը»,-ասաց նա ու հավելեց, որ որքան էլ հայկական կողմը ձգտում է խաղաղությանը, այդուհանդերձ խաղաղությունը միակողմանի չի լինում

Նա ակնհայտ համարեց, որ հակառակորդի ձեռագիրն անփոփոխ է: «Թե որքանով մենք՝ որպես պետություն և հանրույթ ճիշտ կգնահատենք դա, դասեր կքաղենք պատմությունից՝ կրկնությունը բացառելու համար, ճիշտ կգնահատենք առկա մարտահրավերները, ինչու չէ՝ նաև որոշ հնարավորություններ, ցույց կտան նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ծավալվող դիսկուրսների և քաղաքական ուժերի առաջ քաշած ծրագրերի ու լուծումների համատեքստում»,-ասաց պատգամավորը: