«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ Կառավարությունից հաստատեցին տեղեկությունը, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է եռակողմ հանդիպում՝ Փաշինյան-Ալիև-Թրամփ ձևաչափով: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ակնկալիքներով են կողմերը մասնակցում այդ հանդիպմանը:
– Մինչև մեր Կառավարությունը հասցրեց հաստատել, երեկ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն նույնիսկ այդ հանդիպման տեխնիկական պարամետրերի մասին էին խոսում: Ես տագնապով եմ հետևում այդ զարգացումներին, որովհետև հենց ՀՀ Կառավարության տարածած տեքստից ակնհայտ է, որ քննարկումների դաշտում է նաև տնտեսական համագործակցության հարցը, իսկ դա վերաբերում է Սյունիքով անցնող ճանապարհին՝ դատելով մամուլի արտահոսքերից: Այսինքն՝ ամերիկյան առաջարկը, որը մեզ հավաստիացնում էին, թե իբր մերժվել է, կարծես թե այնքան էլ մերժված չէ:
Հստակ գիտեմ, թե Ադրբեջանն ի՛նչ օրակարգով է գնում. Ադրբեջանը գնում է ստանալու մի փաստաթուղթ, որը մի կողմից փոխարինելով նոյեմբերի 9-ին՝ դառնալու է իր հաղթանակի արձանագրումը մի կարևոր շտրիխով, որ այդ նոր փաստաթուղթը միջազգայնորեն լեգիտիմացնելու է ԼՂ հարցի փակումը, որովհետև դրա մասին հիշատակում չի լինելու:
Իհարկե խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, դա մտադրությունների հուշագիր կլինի կամ մեկ այլ փաստաթուղթ, որը իմպերատիվ ուժ էլ չի ունենալու: Ալիևը նաև փորձելու է լուծել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի հարցը ու փորձելու է ԱՄՆ-ի միջոցով հակազդել Ռուսաստանին ու Իրանին:
Շատ հստակ հասկանալի են նաև Թրամփի ակնկալիքները. նա Նոբելյան մրցանակ ստանալու անհագուրդ մոլուցք ունի, պրակտիկ առումով նրան մեկ հաջողության պատմություն է պետք, որովհետև գրեթե բոլոր արտաքին նախաձեռնությունները ձախողել է, իսկ ընդամենը մեկ տարի հետո Կոնգրեսում միջանկյալ ընտրություններ են, ու վտանգ կա, որ նա կկորցնի իր մեծամասնությունը պալատներից ինչ-որ մեկում: Բացի այդ, նա փորձում է ռազմավարական խնդիր լուծել հենց Սյունիքով անցնող ճանապարհի միջոցով՝ սահմանափակելով Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում:
Այսպիսով, եթե մենք ունենք մի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություն՝ տարբեր ձևակերպումներով, բայց, ըստ էության, Թուրանի միջանցք ստանալ, եթե ունենք ԱՄՆ-ի ռազմավարական շահերի ակնհայտ դրսևորում, հասկանալի չէ, թե ինչ է շահում Հայաստանը, մանավանդ, դատելով արտահոսքերից, մենք կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակում չենք ունենալու, այսինքն՝ այդ թեման լոկալիզացնում են Սյունիքի ճանապարհով, մեր գերիները չեն վերադառնալու:
Հայաստանը որևէ պարամետրով երաշխավորված խաղաղություն չի ստանում, փոխարենը՝ Փաշինյանը մի շատ լավ բարաթ է ստանում, որով կարող է լեգիտիմացնել իր իշխանության վերարտադրության ձգտումը հաջորդ տարվա ընտրություններին:
Վերջապես մյուս վտանգը. մենք չգիտենք, թե ինչ հակազդեցություն կտան այս ամենին Իրանն ու Ռուսաստանը: Մեծ վտանգ կա, որ հերիք չէ, որ ՀՀ սուվերեն տարածքի մի հատվածը միջազգայնորեն ճանաչվում է վիճելի, դրան էլ հավելում ենք Ռուսաստանի ու Իրանի հակազդեցությունը, ինչը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:
– Որ ասում եք՝ այդ փաստաթուղթն իրավական ուժ էլ չի ունենալու, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը դա ինչպե՞ս է օգտագործելու վերարտադրվելու համար:
– Ասելու է, որ բերել եմ այս թուղթը, ինչը խաղաղության պայմանագրի նախերգանքն է, պետք է ընտրեք ինձ, անեք այս-այս քայլերը, որպեսզի երաշխավորված խաղաղություն ստանանք, ինչպես մնացած բոլոր դեպքերում է արել:
Հիշում եք երևի՝ սահմանազատման, սահմանագծման մասին ոչինչ չասող մի արձանագրություն նա ներկայացրեց որպես դիվանագիտական աննախադեպ մի հաղթանակ: Սա լինելու է ավելի տպավորիչ փաստաթուղթ, որովհետև, չմոռանանք, թիվ մեկ գերտերության ղեկավարի մասնակցությամբ է արվելու: Բնականաբար, նա այդ փաստաթուղթն օգտագործելու է որպես իր խաղաղության օրակարգին փաստարկ, անգամ եթե այդ թուղթը որևէ երաշխավորված խաղաղություն Հայաստանին չի բերելու:
– Պարո՛ն Սուրենյանց, այսինքն՝ վստա՞հ եք, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելու է ԱՄՆ-ում:
– Այո՛, վստահ եմ, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի ԱՄՆ-ում:
հակառակ պարագայում այդ բարձր մակարդակի հանդիպումը չէր լինի, կսահմանափակվեին, օրինակ՝ արտգործնախարարներով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















