Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ բանակցությունների նպատակով. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նպատակ ունենալով միջնորդել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Հանդիպման մասին առաջինը հայտնել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ The Washington Post-ին՝ նշելով, որ քննարկումների ընթացքում հնարավոր է կողմերը հասնեն համաձայնության և հայտարարեն խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախորդ անգամ հանդիպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի, թեև տարվա սկզբին հայտարարված էր, որ նախնական համաձայնություն արդեն մշակվել է։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտությունը սկիզբ է առել դեռևս Խորհրդային Միության փլուզումից հետո։ Տարածքն մինչ 2023 թվականի սեպտեմբերը բնակեցված էր հիմնականում հայերով, սակայն ադրբեջանական ուժերի կողմից վերահսկողության հաստատումից հետո տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրված լքեցին իրենց տները։

Նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր պաշտպանել հալածվող քրիստոնյաներին՝ մեղադրելով փոխնախագահ Քամալա Հարիսին, որ վերջինս «ոչինչ չի արել», մինչ 120 հազար հայ քրիստոնյաներ ենթարկվել են հալածանքների և տեղահանվել։ Նա հայտարարել էր, որ կաշխատի կանգնեցնել բռնությունները և վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

2025 թվականի հունիսին Թրամփը Սպիտակ տանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ արդեն հաջողվել է խաղաղության համաձայնություններ կնքել Հնդկաստանի և Պակիստանի, Հնդկաստանի և Իրանի, ինչպես նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև։

Թրամփի խաղաղարար գործունեությունը դրական արձագանք է ստացել մի շարք երկրների կողմից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի իշխանությունները և Կամբոջայի փոխվարչապետը հայտարարել են, որ թեկնածու առաջադրում են Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Մրցանակը կշնորհվի 2025 թվականի դեկտեմբերին»,-գրում է The Washington Post-ը: