Արևմուտքը մինչև վերջ անելու է հնարավորը, որպեսզի Ուկրաինան չպարտվի, որովհետև դա կլինի նաև իրենց խոշոր պարտությունը. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

 – Պարո՛ն Վարդանյան, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային և Եվրոպայում ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցների 13.6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու որոշումը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Արևմուտքը մինչև վերջ աջակցելու է Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում:

– Վստահ եմ, որ Արևմուտքը մինչև վերջ աջակցելու է Ուկրաինային և ուղղակի թույլ չի տալու, որ Ռուսաստանը կլանի Ուկրաինան, որովհետև Ուկրաինայի նշանակությունը չափազանց մեծ է Արևմուտքի համար և՛ իր աշխարհագրական դիրքով, և՛ ռեսուրսներով ու այլ հանգամանքներով պայմանավորված: Եթե այս պատերազմում Ուկրաինան պարտվի, դա նաև լինելու է Արևմուտքի պարտությունը, որովհետև Պուտինն ուզում է ոչ միայն Ուկրաինան կլանել, այլ նաև փորձում է աշխարհակարգ փոխել: 

Նախկինում՝ սառը պատերազմի ժամանակ, ինչպես գիտենք, Եվրոպան բաժանված էր ազդեցության գոտիների. մի մասը Արևմուտքի ազդեցության գոտում էր, մյուսը՝ ԽՍՀՄ-ի, վերջինս ինչ ուզում անում էր իր ազդեցության գոտիներում: 

Դրա վառ վկայությունն այն է, որ 1956 թվականին ԽՍՀՄ-ը մտավ Հունգարիա ու տանկերի տակ ուղղակի ճզմեց այնտեղի բողոքի ցույցերը, և Արևմուտքը, մեծ հաշվով, ոչինչ չէր կարողանում անել: Ազդեցության գոտիների բաժանումը վերացվեց 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: 

Մինչև վերջերս Ռուսաստանն այդ մասով առարկություններ չէր էլ ներկայացնում, բայց երբ դիրքերն ուժեղացան, սկսեց նման նկրտումներ հայտնել: 2007 թվականին՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, Պուտինը հստակ հայտարարեց, որ աշխարհը պետք է լինի միաբևեռ, ու ցույց էր տալիս, որ ինքը կողմ է, որ վերադառնան նախկին աշխարհակարգի կանոններին: 

Հետևաբար, եթե այս պատերազմում Ուկրաինան պարտվի, դա լինելու է նաև Արևմուտքի խոշոր պարտությունը, և ես կարծում եմ, որ անելու են հնարավորը, որ Ուկրաինան չպարտվի:

– Իսկ Արևմուտքին կհաջողի՞ թույլ չտալ Ուկրաինայի պարտությունը:

– Կարծում եմ՝ Ռուսաստանին չի հաջողի հաղթել, որովհետև Ուկրաինան շատ մեծ ռազմական աջակցություն է ստանում Արևմուտքից, ու, իմ կարծիքով, Ռուսաստանը, իր դեմքը փրկելու համար, արդեն իսկ մտածում է պատերազմը դադարեցնելու մասին: 

Վաղն Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումին նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը, և ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնքան էլ ոգևորված չէ այս պատերազմի ընթացքով: 

Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների հետևանքով ահռելի կորուստներ ունի արդեն ու ապագայում էլ է ունենալու, ու սա այն դեպքն է, որ ռազմական հաղթանակը, տեսականորեն եմ ասում, եթե հաղթանակ լինի, բերի ընդհանուր պետության պարտությանը:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ի՞նչ պայմաններով ՌԴ-ն կհամաձայնի դադարեցնել պատերազմը:

 – Հայտնի է, որ սկզբնական շրջանում ՌԴ-ի պահանջները շատ ավելի մեծ էին, կարելի է ասել, դրանք կապիտուլյացիոն պայմաններ էին, որոնք, իհարկե, չընդունվեցին Ուկրաինայի կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը հետքայլ է արել ու մի շարք պահանջներից հրաժարվել է: 

Միակ պահանջը, որ կարծում եմ Ուկրաինան կկատարի, իր չեզոքության մասին հայտարարությունն է, որ ինքը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին, բայց սա կլինի միակ խոշոր զիջումը: Ուկրաինան չի հրաժարվի Ղրիմից, Դոնեցկից ու Լուգանսկից:

– Իսկ Ուկրաինայի չեզոքության մասին հայտարարությունը որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանին, որ միայն այդ պայմանով վերջինս համաձայնի դադարեցնել պատերազմը:

– Դա Ռուսաստանի պլան մինիմումն է, իսկ պլան մաքսիմումն արդեն ասացի որն էր, ինչին Ուկրաինան չեմ կարծում թե կգնա:

– Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձեր ասած սցենարով ավարտվի, պարո՛ն Վարդանյան, ապա Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանում դա ի՞նչ ազդեցություն է ունենալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները:

– Եթե Ռուսաստանում իրավիճակն այնքան վատանա, որ երկիրը փլուզման եզրին հայտնվի, ինչպես եղավ 1990-ականներին, այդ ժամանակ, միանշանակ, Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն Արցախում առիթից օգտվել ու, ամենայն հավանականությամբ, նույնիսկ նոր պատերազմ սկսել: 

Բայց եթե Ռուսաստանը պատերազմից դուրս գա թեկուզ թուլացած, իր հեղինակությունը պահպանելու համար պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռուս խաղաղապահները կատարեն իրենց առաքելությունը: 

Ադրբեջանն ու Թուրքիան, բնականաբար, սպասում են դեպքերի այնպիսի զարգացման, որ Ռուսաստանն այն աստիճան թուլանա, որ չկարողանա մեր տարածաշրջանում հարց լուծել, ու իրենք ակտիվանան: Այս բոլոր ռիսկերը Հայաստանը պետք է հաշվի առնի ու պատրաստ լինի հնարավոր բոլոր սցենարներին, մեր անվտանգությունն ու բանակը պետք է օր օրի ավելի ուժեղացնենք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am