«Ամուլսարի մասով ես հարցն ավելի սուր կդնեմ՝ Կառավարությունը պետք է կողմնորոշվի՝ ինքը մնո՞ւմ է, թե՞ գնում». Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Ամուլսարում նոր զարգացումներ են տեղի ունենում, ապամոնտաժել են պահապանների կրպակները: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, և արդյո՞ք սպասվում են մեծ բողոքի ակցիաներ:

– Իրավիճակի մասին ավելի մանրամասն կիմանամ, երբ տեղ հասնեմ, հիմա ճանապարհին եմ: Տեղյակ եմ այն ինֆորմացիային, որը հրապարակվել է Ֆեյսբուքում, իսկ դա այն է, որ գիշերը գաղտագողի վերամբարձ կռունկ են բերել և «Լիդիան Արմենիա» ընկերության տարածքից դուրս գտնվող հատվածում ուրիշին պատկանող գույքը տեղափոխել են:

Բացի այդ, իրենց տարածքից դուրս գտնվող տարածքում տեղադրել են ընկերությանը պատկանող պահակակետ: Ըստ էության, զավթել են հանրային տարածքը իրենց կարիքների համար: 

Այդկերպ առանց այդ էլ ոչ այնքան հանդարտ իրավիճակը բորբոքել են: Սա խոշոր հաշվով վերջին մեկ ամսում որդեգրած գործելաոճի տրամաբանական շարունակությունն է, սադրանքների մաշված ստրատեգիա է: 

Այդ ընկերությունն ուզում է մարդկանց հունից հանել, որպեսզի նրանք գնան ապօրինությունների, ակտիվ զանգվածը խնդիրներ ունենա, և այդկերպ շահագործման համար արգելք հանդիսացող մարդիկ հեռանան, ու ճանապարհը բացվի: 

Մարդիկ դա շատ լավ հասկանում են, լցված են համբերությամբ, այսինքն՝ չեն գնա որևէ սադրանքի, որը կարող է խնդիրներ առաջացնել, բայց միաժամանակ մարդիկ հարց են բարձրացնում, թե արդյոք Կառավարությունն այս հարցը թողել է այն հարթությունում, թե կողմերից ով է ավելի ուժե՞ղ: 

Եթե Կառավարությունը դուրս է եկել այդ խնդրից որպես միջնորդ և թողել է կողմերի ուժեղությանը, ես հավատացնում եմ, որ մեր երկրում մեր համայնքների դեմ մասնավոր ընկերությունը չի կարող ավելի ուժեղ գտնվել: Իրենք շատ մեծ պրոբլեմներ են ունենալու, ու դրա համար Կառավարությունն իր պատասխանատվությունն է ունենալու: 

Եթե Կառավարությունը որոշել է իրավունքի համար պայքարում որպես միջնորդ հանդես գալու, հանրային շահերը ներկայացնող հանդես գալու փոխարեն դուրս գալ այդ խնդրից ու թողնել հարցը ոչ թե իրավունքի դաշտում, այլ ուժի, ես վստահեցնում եմ, որ այդ դաշտում մեզ հետ մրցելը շատ դժվար է լինելու: 

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան շրջակա միջավայրի նոր նախարարից:

– Նոր նախարարը ձևակերպել է, թե ինչ սպասելիք պետք է իրենից ունենալ՝ ասելով, որ իր դիրքորոշումը չի կարող տարբերվել Կառավարության դիրքորոշումից, իսկ Կառավարության դիրքորոշումը խուսափողական, հարցին լուծում չտալու դիրքորոշում է: 

Ըստ էության, Կառավարությունը ձեռքերը լվացել է, թողնում է, որ կոնֆլիկտը էսկալացվի: Նրանք աչք են փակում հիմնավոր փաստարկների վրա, փորձում են լղոզել՝ սպասելով, որ կամ էշը կսատկի, կամ իշատերը: 

Իրենք ընտրել են այդ տարբերակը, և նոր նախարարն էլ ասել է, որ ինքը խոշոր հաշվով այդ դիրքորոշումների կրողն է: 

– Այսինքն՝ ակնկալիք չկա՞ն։

– Ես չգիտեմ, չեմ կարող պայքարում ներգրավված բոլոր մարդկանց անունից պատասխանել: Ես կարող եմ ասել որպես մի քաղաքացի՝ այդ մարդուց որևէ ակնկալիք չունեմ, թեև բավականին ծանոթ եմ, դրական վերաբերմունք ունեմ մարդ անհատի նկատմամբ, բայց որպես նախարարի, որպես քաղաքական պաշտոնյայի որևէ ակնկալիք չունեմ: 

Առաջին հերթին հենց ինքն է ձևակերպել, որ ինձնից որևէ ակնկալիք ունենալ պետք չի: Մարդն եկել է, ասել են՝ դու ով ես, ասել է՝ ես Կառավարության մի անդամ եմ, որի տեսակետը չի տարբերվում Կառավարության ընդհանուր դիրքորոշումից: 

Հետևաբար, եթե մենք այս երկու տարվա ընթացքում Կառավարությունից որևէ ակնկալիք չենք ունեցել, կամ այդ ակնկալիքը մարել է, ու դրանից հետո մարդը գալիս ու իր մեկնարկային կետ է հայտարարում այն, որտեղ արդեն սպառված է Կառավարության նկատմամբ վստահությունը, ինքը արդեն սպառված վստահության դաշտ է մտնում: 

– Իսկ «Լիդիանի» տարածած պարզաբանումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Կներե՛ք, իհարկե, եթե իրենք մարդավարի խնդրեին, որ մենք իրենց ինչ-որ ձև փրկեինք, և իրավիճակից դուրս գային, կարող է մի տեղ դա ստացվեր, բայց երբ մեկը ջրում խեղդվելիս է լինում և ափին կանգնած, իրեն տարբեր առաջարկներ արած մարդկանց հայհոյանքներ է հնչեցնում, էդպիսի մարդուն լսելու բան չունեմ: Խեղդվողի ձայներ են, ձեռքը գցում է փրփուրներից ու տարբեր բաներ է խոսում: Այնտեղ էլ ընկերություն չկա, հիմա իրենք ընդամենը իրենց դրած փողը հանելու տարբերակներ են փնտրում:

– Այսինքն՝ Կառավարությունը պետք է հստակ կողմնորոշվի՝ շահագործո՞ւմ է Ամուլսարը, թե՞ չի շահագործում: 

– Ամուլսարի մասով ես հարցն ավելի սուր կդնեմ՝ Կառավարությունը պետք է կողմնորոշվի՝ ինքը մնո՞ւմ է, թե՞ գնում: 

– Եթե հանքը շահագործվի, դա կարո՞ղ է Կառավարության վերջը լինել:

– Հանքը չի՛ կարող շահագործվել, հանքի շահագործման համար ներդրած ռեսուրսների գինը կարող է Կառավարության պաշտոնավարումը լինել: Սա ոչ նախազգուշացում է, ոչ էլ, առավել ևս՝ սպառնալիք: 

Սա չոր կանխատեսում է այն մասին, որ եթե Կառավարությունն ասում է, որ ես այս երկրում հարց լուծող եմ ժողովրդի համար ու չի անում, իրեն ուղարկում են տուն և փնտրում են, թե ով այդ հարցերը կլուծի: 

– Հանքի շահագործման դեպքում բանը կարող է հասնել իշխանությունների հեռացմա՞ն: 

– Ես չեմ կարծում, որ հանքը շահագործվելու է, ես չեմ պլանավորում, թե շահագործման դեպքում ի՛նչ է սպասվում: Ես ասում եմ՝ չի՛ շահագործվելու, բայց ի՛նչ գին ու ռեսուրս են ներդրվելու քաղաքացիների կողմից չշահագործումն ապահովելու համար՝ սա՛ է խնդիրը: 

Որովհետև եթե մենք մոռանանք ամեն ինչ և մեր ունեցած-չունեցածը դնենք այն գործի մեջ, վա բանկ գնանք չշահագործման համար, մենք չհաղթելու տարբերակ չունենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի ելույթում մի շատ լավ բան ասաց՝ «Ուժը ճշմարտության մեջ է»: 

Ճշմարիտը, արդարը չեն կարող չհաղթել, պարտվելու տարբերակ չկա: Եթե մենք որոշեցինք այդ ուժը գործադրել, որովհետև հիմա որոշակի սպասողական, ստատուս քվոյի վիճակ է, եթե մենք՝ քաղաքացիներս, որոշեցինք, որ այս հարցը վերջնականապես, չոր դնում լուծում ենք ու չենք սպասում Կառավարության լուծելուն, այդ տարբերակի դեպքում Կառավարությունը կարող է միայն խնդիրներ ունենալ, ուրիշ բան չի կարող ունենալ: 

Կրկնեմ՝ չկա՛ շահագործելու տարբերակ, որ ես մի հատ էլ նստեմ ասեմ, թե ի՛նչ կլինի, եթե հանքը շահագործվի: 

Չի՛ շահագործվելու, բայց եթե այդ չշահագործվելու համար մենք ամեն ինչ ներդրեցինք, Կառավարությունն իր ֆունկցիոնալ անհրաժեշտությունը կորցնելու է, իր իմաստը սկսելու է բացակայել, որովհետև ինքը պետք է, որ հարցերի համար մենք չխառնվենք, ինքը խառնվի: Եթե ինքը չի խառնվում որպես քաղաքացիների ներկայացուցիչ, ուրեմն ինքը պետք չի:

Մանե Հարությունյան

MediaLab.am