«Սուրմալուի» դասերը․ պետություն

Յուրաքանչյուր հաջորդ արտակարգ պատահար, միջադեպ կամ խնդիր նոր ուղղությամբ ցույց է տալիս Հայաստանում պետական կառավարման գրեթե բոլոր համակարգերում առկա աղետային վիճակը, իսկ ավելի ճիշտ՝ համակարգերի իսպառ բացակայությունը։

44-օրյա պատերազմը ցույց տվեց զինված ուժերի համակարգերում առկա աղետը՝ կադրային, տեխնիկական, ընթացակարգերի բացակայության՝ համալրում, բացազատում, պլանավորում, կանխատեսում, զինամթերքի պահեստավորում, մոբի նախնական պատրաստություն և այլն։ Այս ամենը կամ պարզապես չկար, կամ այնքան վատ էր, որ ավելի լավ էր չլիներ։ 

Քովիդ-19-ի համավարակը ցույց տվեց առողջապահության համակարգի կատարյալ անպատրաստվածությունը գլոբալ խնդիրներին: Դարձյալ գնահատումը, կանխատեսումը, հատկացված ռեսուրսների իմպլեմենտացումը, իրականացվող միջոցառումներն այնքան ուշացած ու վատ էին իրականացվում, որ կարելի է պնդել համակարգի տապալման մասին։

«Սուրմալուի» պայթյունը իր հերթին ցույց տվեց, որ ԱԻՆ-ը չունի անհրաժեշտ թվով մասնագետներ, տեխնիկա, հանդերձանք, գիտելիքներ, սարքեր, հակագազեր, անգամ շներ, մեկ, հասկանում եք՝ ընդամենը մեկ շենքի պայթյունի հետևանքները արագ հաղթահարելու համար։ Սա մի երկրում, որը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և որի քաղաքաշինական ընդհանուր համայնապատկերը պոռնոյի ժանրից է։ Այսինքն՝ օրեցօր քաղաքների մասշտաբների ավերածություններ կարող են լինել, բայց ո՛չ ԱԻՆ-ն է սրան պատրաստ, ո՛չ էլ առավել ևս հասարակությունը։ 

Ոչ պակաս, գուցե առավել կարևոր խնդիր է այն, որ ինչպես ԱԻՆ-ը, այնպես էլ ընդհանրապես պետական կառավարման համակարգը չունի նախապես մշակված ու արդյունավետ իրականացվող ընթացակարգեր (պրոտոկոլներ)՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար։ 

Ի՞նչ էր անում այնտեղ ԱԻ նախարարը, ծխահարվու՞մ էր, ծխահարված նախարարը հպարտանալու մի երևելի բա՞ն է, որ իշխող կուսակցությունը սկսեց արագորեն տարածել այդ տեղեկատվությունը։ Ո՛չ, դա խայտառակություն է և կրկնակի խայտառակություն է, որ մեզանում դրանով գլուխ են գովում։ 

Նախարարի գործառույթը չէ տեղում նման միջոցառում համակարգել, նախարարը չունի նման մասնագիտական կարողություններ ու պատրաստվածություն, նախարարը նման վայրերում ծխահարվում է, ռիսկի ենթարկում իր կյանքը ու հարվածի տակ դնում մի ամբողջ համակարգի աշխատանք։ Ինչի՞ համար է ստեղծվել Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնը, եթե ոչ նման միջադեպերի։ Իսկ ի՞նչ էր անում այնտեղ վարչապետը, իսկ եթե դա ահաբեկչություն էր, ու ահաբեկիչներն էլ դեռ չէին պայթեցրել երկրորդ պայթուցիկը։ 

Ինչքանով են ընդհանրապես մեր երկրում ադեկվատ ընկալում իրավիճակները, դրանց հետ հարաբերվելու միջոցները, պետական կառավարման համակարգի բրգաձև կառուցվածքի իմաստը։ Այն, ինչ պետք է տեղում կարգավորի վարչության պետը կամ իր տեղակալը, չպետք է իր վրա վերցնի նախարարը կամ առավել ևս վարչապետը։

Թեպետ խոսում ենք մի երկրի մասին, որի առողջապահության նախարարության խոսնակի ֆունկցիաներն էր առժամանակ կատարում վարչապետը քովիդի ծաղկման օրերին։ Առանց ընթացակարգերի, եթե կուզեք՝ քթածակով կառավարվող երկիրն էլ կառավարվում է այսպես՝ տապալումից տապալում։

Նույն կերպ՝ քաղաքապետարան, տեսչական մարմիններ, ոստիկանություն, որոնք բոլորը թերացել են իրենց աշխատանքներում և փաստորեն թույլ են տվել Երևանի կենտրոնում 4 տոննա չվերահսկվող ու հատուկ չպահպանվող պայթուցիկի առկայություն, նույն տրամաբանությամբ Երևանի կենտրոնում կարող էր հայտնվել միջուկային զենք, եթե «Սուրմալուի» վաճառականները ի վիճակի լինեին այն հայթայթելու, քանի որ այս բոլոր կառույցներում էլ խնդիրները ոչ թե այս մի անգամվա հետ են կապված, այլ համակարգային են։

Փաստորեն Հայաստանում պետական կառավարման բոլոր ոլորտները, բոլոր համակարգերը ազատ անկման մեջ, ջախջախված են, պարզապես դրանցից յուրաքանչյուրի սնանկությունը երևում է միայն ոլորտային ճգնաժամի պարագայում։

Հին մեթոդները, հիմնված համակարգային կոռուպցիայի, թայֆայականության, քրեական հարաբերությունների վրա, չկան, դրանք գոնե ժամանակավորապես ջախջախված են։ Եվ նոր ընտրանին, ի վիճակի չլինելով դրանց փոխարեն ի մի բերել նոր հիմքեր համակարգերի աշխատանքների համար, ըստ էության վերջնականապես կազմաքանդել է դրանք։ Եվ ինչպես կարող ենք խոսել նոր համակարգերի հիմքերի մասին, եթե անցնող 4 տարիների ընթացքում որևէ լուրջ, խորքային բարեփոխում չի իրականացվել, եղած հատվածայիններն էլ կամ չեղարկվել են, կամ դարձել անատամ առաջին իսկ բողոքի ցույցերի արդյունքում։ 

Այսպիսով ստացվում է, որ մենք տասնամյակներ շարունակ թքած ենք ունեցել պետության հիմքերի հիմքի՝ համակարգերի վրա, բացարձակապես չենք զբաղվել դրանցով, դեռ ավելին՝ ով ոնց կարողացել՝ տաշել է դրանք, իսկ հեղափոխությունից հետո իրավիճակը չի շտկվել։

Թե ինչ է լինում, երբ չեն աշխատում համակարգերը, մենք տեսանք Երևանի սրտում, մենք տեսանք 44-օրյա պատերազմի օրերին մարտի դաշտում, երբ բացարձակապես ոչ մի պատրաստություն ու ներդաշնակեցում չանցած մոբը ուղարկվում էր մարտի դաշտ։

Ընտրանու գլխավոր դերը համակարգաշինությունն է։ Հայաստանի քաղաքական նախկին ընտրանու գլխավոր մեղքը համակարգերի այլասերումն էր, իսկ ներկա քաղաքական ընտրանու գլխավոր մեղքը՝ համակարգեր չկառուցելը։ Երբ ընտրանին չի զբաղվում իր առաջնային խնդրի լուծմամբ, ընտրանին վերածվում է այլևս զարգացման խոչընդոտի։

Համակարգերի բացակայությունն ու, որպես հետևանք, երկրի հետագա զարգացմանը խոչընդոտող ընտրանին է մեզանում պետության կայացման ճանապարհին առկա գլխավոր խնդիրը։

Արեգ Քոչինյան

MediaLab.am