ՀԱՊԿ-ից դուրս գալու գինը և ՀԱՊԿ-ում մնալու գինը

Հասարակությանը սկսել են վախեցնել ՀԱՊԿ-ից դուրս գալու չափազանց բարձր գնով։ Մինչ այդ գնին անդրադառնալը, կարծում եմ՝ հարկավոր է սկսել հակառակ կողմից՝ ՀԱՊԿ-ում մնալու գնից։

ՀԱՊԿ-ում մնալով՝ Հայաստանը ունի երկու ճանապարհ. կա՛մ բավարարել Ռուսաստանի (ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի) պահանջները, կա՛մ միայնակ հակադրվել դրանց։

Այսպիսով, ՀԱՊԿ-ում մնալու գինը Մեղրիում միջանցքի իրականացումն է, հետագայում էլ՝ ռուսական տարբերակով սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բնականաբար, ի վնաս Հայաստանի և, որ ամենակարևորն է, Հայաստանի մուտքը միութենական պետություն, որն էլ ի վերջո բերելու է անկախ պետականության կորստին ռուսական ինտեգրացիոն գործընթացներում։

Կամ՝ այս ամենին հակադրվելը, սակայն բացառապես միայնակ ու մնալով Ռուսաստանի կառուցած անվտանգային ճարտարապետության շրջանակներում, փորձելով հակադրվել ու պաշտպանություն ստանալ միևնույն երկրից՝ կիսելով նրա հետ իր ստեղծած անվտանգային համակարգը։ 

Այսպիսով, ՀԱՊԿ-ից դուրս գալու գինը հարցնողները թող նախ պատասխանեն, թե ո՛րն է ՀԱՊԿ-ում մնալու գինը, և փորձեն հերքել վերոնշյալ զարգացումներից գեթ մեկը։ 

Հիմա ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գնին։ Գինն այդ անշուշտ բարձր է լինելու։ Ռուսաստանը առավելագույնս փորձելու է Հայաստանին վնասել այդ գործընթացի մեկնարկից հետո։ Նախ կլինեն առևտրատնտեսական հարվածներ, օրինակ՝ հայկական լոլիկի մեջ կգտնեն այլմոլորակային հիվանդությունների ցուպիկներ, իսկ հայկական կոնյակի մեջ, օրինակ՝ պղնձամոլիբդենային պոչամբարների մասնիկներ, և դրանց ներմուծումը Ռուսաստան կարգելվի։ 

Հետո կլինեն էներգետիկ պատերազմներ. Ռուսաստանը կօգտվի «Գազպրոմի» Հայաստանում առկա մենաշնորհից ու ՀԷՑ-ի ռուսաստանցի օլիգարխին պատկանելու փաստից։ 

Երրորդ փուլում կլինեն ռազմաքաղաքական հարվածներ Հայաստանի սահմանների երկայնքով։ Կարևոր է, սակայն, նշել, որ ինչ վերաբերում է Գյումրիի ռազմաբազային ու դրա շուրջ խոսակցություններին, ապա նշենք, որ ռուսական ռազմաբազայի դուրս բերումը չի կարող խթանել թուրքական ներխուժում մի շարք պատճառներով։

Նախ՝ ռուսական ռազմաբազան չէ, որ կանգնեցնում է թուրքական հնարավոր ներխուժումը. ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա դա Միացյալ Նահանգներն է։ Երկրորդ՝ ռուսական ռազմաբազայի շահառուներից մեկը հենց Թուրքիան է, քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանում կարևոր մասնիկն է տարածաշրջանի վերաբաժանման ռուս-թուրքական գործընթացի։ 

Չորրորդ փոլում չեմ բացառում նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության ֆիզիկական ոչնչացման փորձեր։ Ռուսական ձեռագիրը ապագաղութացվող պետությունների հանդեպ նույնն է՝ նույնն էր Վրաստանում, նույնն էր Ուկրաինայում և այլուր։

Գլխավոր գինը, որով տասնամյակներ շարունակ վախեցրել են հայ իրականությանը՝ Արցախի կորուստը քաղաքական իմաստով այլևս իրականություն է, սա համառորեն չեն ուզում հասկանալ հիմնականում այն նույն մարդիկ, որոնք համառորեն չեն ուզում դուրս գալ գաղութի կարգավիճակից։ 

Վերոնշյալ բոլորն էլ անշուշտ մեծ ու էական մարտահրավերներ են, որոնք կարող են մեր երկիրը տանել ցնցումների մի նոր փուլ ու բոլորիս զգալ տալ, թե ինչ խոշոր գին ենք մենք վճարում։

Բայց անգամ այդ ցնցումներն ու մարտահրավերները ոչինչ են՝ համեմատած նրա հետ, ինչ մեզ սպասում է ոչինչ չանելու պարագայում։ Գրեթե ցանկացած անվտանգային ռիսկ կառավարելի է ճիշտ քաղաքական հաշվարկի ու աշխատանքի պարագայում։

Այսպիսով, ՀԱՊԿ-ում մնալու գինն անհամեմատ ավելի բարձր է, քան ՀԱՊԿ-ից դուրս գալու գինը, մնացածը հոգեբանական խնդիրներ են ու վախեր, իսկ դրանք արդեն այլ գիտակարգերի հետազոտության թեմա են։

Արեգ Քոչինյան

MediaLab.am