ՀՀ-ից արձանագրված ելքերի 80%-ը դեպի ՌԴ է եղել․ Միգրացիոն ծառայություն.Factor

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը չունի համապատասխան վարչական ռեսուրս՝ պարզելու համար, թե որն է ՀՀ-ից Ռուսաստան մեկնումների նպատակը.

Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։ «Մենք չունենք վարչական ռեսուրս՝ քաղաքացիների ՀՀ-ից մեկնման նպատակը պարզելու համար, սակայն 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից արձանագրված ելքերի 80 %-ը դեպի ՌԴ է եղել, այդ մեկնումների 72%-ը աշխատանքի հիմքով է գրանցվել»,- Factor.am-ին ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի համակարգող Նելլի Դավթյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Factor.am-ը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը հայտնել է, որ 2021-ին ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի է մեկնել 300,000 մարդ։

ՀՀ Միգրացիոն ծառայությունից նաև հայտնում են, որ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 127,338 քաղաքացի, ժամանել՝ 63,625 հոգի։

Դավթյանի փոխանցմամբ՝ չնայած դեպի ՌԴ մեկնումների նպատակը ՀՀ Միգրացիոն ծառայությանը փոխանցում են ռուս գործընկերները, սակայն Հայաստանից 2021-ին մեկնողների և երկիր վերադարձողների վերջնական թիվը կամփոփվի 2022-ի փետրվարին՝ քանակական հատուկ հետազոտության հիման վրա։