Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 77 քաղաքացիական զոհերի տվյալներ

Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին:

-Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի փոփոխություններ են մտցրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղություններում, և որոնք են ներկա առաջնահերթություններն ու հրամայականները:

-Պատերազմից հետո բավականին բարձրացել է մարդու իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Մեզ դիմող քաղաքացիների դիմումների մեծամասնությունը վերաբերում է հիմնականում  սոցիալական և առողջապահական բնույթի խնդիրներին: Բնականաբար, ունենալով տեղահանված բնակչություն, որոնց խնդիրները բազմաբնույթ են, պետք է կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին և կապող օղակ հանդիսանանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ թույլ չտալով մարդու իրավունքների խախտումները կամ այդպիսիք  արձանագրելու դեպքում՝ նպաստելու խախտված իրավունքների վերականգնմանը: Ներկայումս քաղաքացին այնքան դժվար կացության մեջ է, որ պետական մարմիններից պահանջվում է առավելագույն սրտացավություն, որպեսզի բարձրաձայնված ցանկացած խնդիր լուծվի հօգուտ քաղաքացու: Պետք է ոչ թե արձանագրել, որ խախտվել է այս կամ այն իրավունքը, այլ՝ գտնել լուծումներ, որպեսզի իրավունքն իրացվի ամբողջությամբ: Պետական կառույցների հետ համագործակցությամբ՝ մեր գործունեության ոճը հիմնականում այդ է լինելու:

-Սոցիալական բնույթի խնդիրներից, որոնք կառանձնացնեիք և որքանով է Ձեր միջոցով հաջողվել լուծումներ գտնել:

-Առաջնային է շարունակում մնալ աջակցության այս կամ այն ծրագրի՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերը: Քանի որ պետական համակարգը, այսպես ասած, պատրաստ չէր նման զարգացումների և քաղաքացիների տվյալների բազային ամբողջությամբ չէր տիրապետում, ապա չէր կարող պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու հետ: Բացի այդ, քաղաքացիների իրավական գիտակցության ոչ համապատասխան աստիճանը նրանց հնարավորություն  չի ընձեռում պրպտել և սեփական ջանքերով փնտրել, գտնել այն հարցերի պատասխանները,որոնք վերաբերում են  գործարկվող այդ ծրագրերին: Մեզ դիմելու դեպքում՝ նախ խորհրդատվություն ենք տրամադրում իրավունքների մասին առ այն նրանք աջակցության ծրագրի շահառու են թե ոչ:

Եթե առաջացած խնդիրները տեխնիկական են, ապա կապ ենք հաստատում համապատասխան կառույցի հետ ներկայացնում քաղաքացու խնդիրն ու միջամտում,որպեսզի խնդիրը լուծում ստանա:Սոցիալական բնույթի խնդիրներից է նաև զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցության ծրագրերի շահառու հանդիսանալու, փաստաթղթերի ձևակերպման հարցերը: Մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի տվյալների հավաքագրումն ու պատկան կառույցներին ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակում է: Տվյալների հավաքագրումը շարունակական է և պարբերաբար ներկայացնում ենք Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

Մանրամասները՝ այստեղ