Ոչ թե դիվերսանտ, այլ մոլորված հովիվ. Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ոչ թե դիվերսանտ, այլ մոլորված հովիվ. Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ոչ թե դիվերսանտ, այլ մոլորված հովիվ. Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տեղադրված` իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«Մ.Սարիբեկյանը ս.թ. մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պն-ն հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը:

«Հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:-ՀՀ պաշտպանության նախարարությունն ակնկալում է այդ կառույցների համապատասխան գործողությունները՝ Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար»:

© Medialab.am