Նիկոլ Փաշինյան․ Աննախադեպ մարդը

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյանի մարտավարությունն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ Նրան չես ասի ժողովրդից կտրված մարդ, բայց ակնհայտորեն ինքն ու ժողովուրդը գնում են տարբեր ուղղություններով, ժողովուրդն ավելի ու ավելի անորոշ է իր ընթացքում, ինքը՝ որոշակի։ 

Ժողովուրդը չգիտի, թե վաղն ինչպե՛ս է լուսացնելու, ինքը գիտի, թե ինչ է լինելու 2050-ին։ 

Ո՞վ իրավունք ունի թերահավատ լինել 30 տարի հետո հռչակվող նպատակների նկատմամբ։ 

Ո՞վ չի ուզում, որ Հայաստանը ունենա 5 միլիոն բնակիչ, 15 անգամ ավելացնել ՀՀ ՀՆԱ-ն, ստեղծել մինչև 1,5 միլիոն աշխատատեղ։ 

Վարչապետի իրատեսությունն ավելի լավ է երևում մեկ այլ խոստման մեջ, մինչև 2050 թվականը նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի տեսնում աշխարհի հնգակի չեմպիոն, թեպետ 30 տարում Հայաստանը 7 անգամ կարող է չեմպիոն դառնալ։ 

ՀՀ վարչապետը Հայաստանը մտցնում է աննախադեպության մրցավազքի մեջ, որի հեղինակային իրավունքը առաջիկա 30 տարում Նիկոլ Փաշինյանինն է։ 

30 տարի ինչ անենք՝ լինելու է աննախադեպ։ Գուցե սովո՞ր չենք այսպիսի հավակնոտ ծրագրերի։ 

Հիշո՞ւմ եք, թե ինչքան էինք զվարճանում, երբ Սերժ Սարգսյանը խոստանում էր մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի։ 

Էդ մարդու նախագահության տարիներին մինչդեռ արտագաղթում էին։ Հիմա էլ, բայց ակնհայտորեն կտրուկ պակաս թվերով։ 

Բայց ահա թե ի՛նչն է խնդիրը։ Եվրոպայում, որտեղ ապրում է աշխարհի ամենաազատ հասարակությունը բոլոր առումներով, մարդիկ ավելի ու ավելի քիչ են ծննդաբերում, որքան էլ կյանքի պայմանները մոտ են իդեալականին։ 

Ինչո՞ւ Հայաստանում մայրերը պետք է ավելի պտղաբեր լինեն։ Ես չգիտեմ՝ շահե՞լ է Եվրոպան այդ ժողովրդագրական ժուժկալությունից, բայց փաստ է, որ մարդիկ ավելի շատ մտածում են մի կյանքի մասին, որտեղ ավելի ու ավելի քիչ են կողմնակի պատասխանատվությունները, թեպետ պետությունները ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի նրանք լավ ապրեն, ու նույնքան լավ ապրեն սերունդները։ 

Ըստ իս՝ հնարավոր է, որ պակաս կոռումպացված, սոցիալական պակաս տարանջատվածություն ունեցող երկրում կյանքն ավելի կլավանա, բայց Հայաստանում մտել ենք հեղափոխության երրորդ տարին, որտեղ պաշտոնական ցուցանիշներով աղքատության ցուցանիշի 7,5 տոկոսանոց անկում է գրանցվել, այսինքն՝ ցուցանիշը 30 տոկոսից հասել է 22,5 տոկոսի, սակայն իշխանությունը քաղաքացու հնարավորությունների գույքագրում դեռ չի արել։

Հենց մեկն ուզում է մեջքն ուղղել հարկերը թեթևացնելու ճանապարհով, նրան ասում են՝ քիչ խմիր, քիչ ծխիր, փողը մուծիր բյուջե։ 

Բայց դո՛ւ՝ իշխանությո՛ւնդ, ծանո՞թ ես նրա սթրեսներին, գիտե՞ս՝ ինչերի՛ է ընդունակ նա հուսահատության մեջ։ 

Նույն Եվրոպայում հանցագործությունների գրեթե կեսը եվրոպացին չի անում, այլ այնտեղ տնավորված փախստականը, այստեղ քո հանցագործը «հայրենական արտադրության» է։ Ահա թե ինչով ես դու աննախադեպ։ 

Դո՛ւ՝ իշխանությո՛ւնդ, աննախադեպ ես քո նպատակների և նրանց հասնող գործիքների խայտառակ անհամապատասխանությամբ։

Սակայն աննախադեպ պետք է լինի ամեն օրը, ոչ թե 30 տարվա կատարման հաշվարկով հռչակված նպատակները։ Այսօրվա մարդը դուրս է մնում այդ նպատակներից։ Գնա բանկերի դրած տոկոսների հետ լեզու գտիր, հետո նոր մտածիր ծննդաբերությունդ աշխուժացնելու մասին, բնակելի շենքերի մի հսկա հատված փլուզվող են, էս մասին խոսվե՞լ է երբևէ։ 

Ո՞վ է երեխա ունենալու հակասեյսմիկ շենքերում։ Խոսում ես զարգացման մասին՝ առանց Ղարաբաղի հարցի լուծման երաշխիքի, պատերազմող երկրում ո՞վ է խելագարվել մի քանի երեխա ունենալ, ինչ է թե 5 միլիոն պիտի դառնանք։ Ապրելու երաշխիքներդ ո՞ւր են։ 

Որովհետև հույսերը, հասկացանք, կան։ Իսկ երաշխիքնե՞րը․․․

Մհեր Արշակյան

MediaLab.am