Ադրբեջանը փոխել է և լարվածության ճակատը, և դիսկուրսը. Ինչո՞ւ է գործընթացից բավարարված ռուսական կողմը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը

– Պարո՛ն Մարկարով, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին կայացած Պուտին-Ալիև հանդիպումը, որից հետո Պուտինը բավական դրական գնահատական հնչեցրեց: Նա Ալիևին շնորհակալություն հայտնեց կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար՝ ասելով, որ եթե ուզում եք կարգավորում, ապա պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով: Իսկ Փաշինյանին ասել էր, որ ցավոտ որոշումներ պետք է կայացվեն: Ընդհանրապես, մեր դիրքերն այս հանդիպումներում ուժե՞ղ են, թե՞ ոչ:

– Չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ ասել, բայց տպավորությունն այնպիսին է, որ այն փոխզիջումները, որոնց մասին Պուտինն ասում է Ալիևին, և բարդ լուծումները, որոնց մասին նա ասում էր Փաշինյանին, տեսականորեն խոսքը հնարավոր է նույն երևույթների մասին է: Բայց խնդիրն այն է, որ այդ երևույթների շուրջ որոշումների բովանդակությունը ամեն կողմի համար կարող է ունենալ տարբեր նշանակություն:

Ընդհանուր առմամբ եթե գնահատենք, մենք կարող ենք միայն ենթադրել, որ հիմնական քննարկումները մեր վարչապետի և Ալիևի հետ տեղի են ունենում մեզ համար համենայնդեպս մի քանի առանցքային խնդիրների շուրջ: Եթե այդ հարցերի մեջ որպես հիմնական առանձնացնենք Արցախի հարցը, ապա և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար մինչև հիմա մենք չունենք վերջնական պայմանագիր:

Եթե մենք խոսում ենք արցախահայության և Արցախի մասին, միշտ ասում ենք, որ իրենք իրենց որոշումը կայացրել են, վերահաստատել են, բայց կյանքը դրեց լուրջ խնդիրներ, մարտահրավերներ, և, ըստ էության, հարցերը, որոնց լուծումներն իրոք բարդ են, և առաջնայինը հենց այն խնդիրն է, որը վերաբերում է Արցախին:

Արդյոք փոխզիջումն այստեղ լինելու է Ադրբեջանի համար այս կարգավիճակի շարունակական լինելը և ռուսական խաղաղապահ զորքերի առկայությունը ոչ միայն այս 4,5 տարում, այլ նաև հետագայի համար: Սա կարող է լինել խնդիրներից մեկը, որ քննարկվում է եռակողմ կամ բազմակողմ ձևաչափերով: Այսինքն՝ այստեղ տարբերակներից մեկը Արցախի իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքի հետագա կարգավիճակն է, և խնդիրը, որն անհրաժեշտ է քննարկել հետագայում, հենց կարգավորումն է:

Մյուսը տեսականորեն այն խնդիրն է, որն ստեղծվել է անմիջականորեն հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 10-ից հետո: Հարցն այն է, թե ինչպես պետք է կարգավորվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը, որն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանը սեփական նպատակներին հասնելու և ճնշումն ուժեղացնելու համար, բնականաբար, իրականացնում է այն գործողությունները, որոնք տեսնում ենք Սյունիքից մինչև Տավուշ, այն բոլոր միջադեպերը, որոնք արձանագրում ենք վերջին մի քանի ամսվա ընթացքում:

Մենք Ռուսաստանի ներգրավվածությունը առաջին հարցի մեջ ներկայացրեցինք միայն որպես խաղաղապահ ուժեր, սակայն այնտեղ կա նաև նրանց ներգրավվածությունը որպես երրորդ կողմ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի բավական լավ հարաբերություններ, և երկու երկրները Ռուսաստանին դիտարկում են որպես մի երկիր, որը կարող է ազդել մյուս կողմի պահվածքի վրա:

Հաջորդ հարցը, որին արժի անդրադառնալ, միջանցքների հարցն է, որի մասին խոսվում է նաև նոյեմբերյան հայտարարության մեջ, և որի շուրջ շարունակվում են բանակցությունները, գործողությունները եռակողմ ձևաչափով՝ փոխվարչապետների մասնակցությամբ: Այստեղ ամեն կողմը փորձում է իր համար նպաստավոր պայմանները բանակցել՝ տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների նախագծերի տեսանկյունից: Այս դեպքում ևս Ռուսաստանը միջնորդ կողմ է այս բանակցություններում, որը կարող է իրականացնել համապատասխան ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Հաջորդը մեր գերիների հարցն է, որը ևս կարիք ունի լուծման:

– Հատկանշական է, որ Երասխի դեպքերը տեղի ունեցան Պուտին-Ալիև հանդիպման նախորդ օրը, նաև շատերը նշում են այն հանգամանքը, որ այդտեղից ընդամենը 500 մ հեռավորության վրա ռուսական ուժերն են կանգնած: Պատահակա՞ն էր այդ լարվածությունը հենց հանդիպման նախօրեին:

– Դա ճնշման ձև է Հայաստանի վրա այն տեսանկյունից, որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ ոչ միայն մասնակցի բանակցություններին, այլ նաև դրա արդյունքում պետք է ի հայտ գա նոր փաստաթուղթ, որում ներառված կետերը Ադրբեջանի համար կարևոր են: Խոսքը սահմանների ճանաչման և Ադրբեջանի տարածքային ամբողջական դրույթների ամրագրման մասին է:

Պարզ է, որ հայկական կողմերի համար այդպիսի փաստաթղթի առկայությունը անընդունելի է, քանի որ արցախահայությունն իրեն ոչ մի կերպ չի տեսնում Ադրբեջանի կազմում: Եթե նախկինում ադրբեջանցիները լարվածությունն իրականացնում էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հիմա նրանք փոխում են և՛ լարվածության ճակատը, և ՛դիսկուրսը: Դիսկուրսը վերաբերում է արդեն հայ-ադրբեջանական խնդիրների, իսկ ճակատը դառնում է հայ-ադրբեջանական սահմանը:

– Այսօր արդեն Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կատարման գործընթացը լավ է ընթանում: Այս գործընթացի մասին Ռուսաստանը դրական է խոսում, բայց, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք Ալիևի տրամադրվածությունը, դրան ի պատասխան Հայաստանի մոտեցումները: Նույն խաղաղության պայմանագրի հետ կապված Ալիևն ասում է՝ Հայաստանը տրամադրված չէ այն ստորագրելու: Ի՞նչ է տեղի ունենում, ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը:

– Այստեղ երկու բան կա. նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խաղաղության պայմանագրի մասին խոսք չկա: Երկրորդ՝ Ռուսաստանը բավարարված է, որովհետև այդ հայտարարության կետերից երկուսն են մնացել, որ պետք է կատարվեն: Առաջինը ռազմագերիների և մնացած անձանց վերադարձի հարցն է, որը Հայաստանի համար կարևորագույն հարցն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների, միջանցքների խնդիրն է, որը գտնվում է բանակցությունների մեջ:

Այս երկու կետերի վերաբերյալ ընթացքը ցույց է տալիս, որ դրանք միանգամից չեն ստանում իրենց լուծումը, բայց, համենայնդեպս, գործընթացը շարունակվում է, դրանում ներգրավված է Ռուսաստանի փոխվարչապետը: Այս տեսանկյունից նրանք ունեն բավարարվածության որոշակի աստիճան այն առումով, որ գործընթացը կա, ընթանում է, ոչ թե խոսքը գործընթացի դադարեցման մասին է: Մյուս կողմից՝ ռուս խաղաղապահներ են ներգրավված այստեղ, այսինքն՝ նրանք ունեն վերահսկողության ևս մեկ մեխանիզմի հնարավորություն:

Մանե Հարությունյան

MediaLab.am