Հայաստանի և Արցախի կենսական շահերից է բխում, որ Արցախը չդառնա ռուս-ամերիկյան հակամարտության օջախ. Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

– Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևանում է: Ինչո՞վ եք պայմանավորում նրա այցը, և ի՞նչ սպասել դրանից:

– Այցն առաջին հերթին պայմանավորված է այն դադարով, որ կար հունվարի 11-ին ստորագրված երկրորդ համատեղ հայտարարության գործում: Այդ հայտարարությամբ ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մակարդակով, փորձագիտական խմբեր, և ենթադրվում էր, որ մինչև մարտի 1-ը կմշակվեին ու կներկայացվեին ճանապարհային քարտեզներ՝ տարածաշրջանի ապաշրջափակման, ճանապարհների բացման վերաբերյալ: 

Բայց մինչ օրս ճանապարհային որևէ քարտեզ չի ներկայացվել, և քանի որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի ապաշրջափակմամբ, կարծում եմ՝ Լավրովը Հայաստան է եկել և մի քանի օրից էլ կմեկնի Բաքու, որպեսզի քննարկեն այն խոչընդոտները, որոնք ծագել են այդ աշխատանքների ընթացքում, և փորձեն գործընթացն առաջ մղել:

Հասկանալի է, որ մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը էական առաջընթաց չի լինելու, բայց, կարծում եմ, Լավրովը քննարկելու է, թե ինչպես է հնարավոր ակտիվացնել այդ գործընթացը հունիսի 20-ից հետո: Հետևաբար, Լավրովի այցի հիմնական նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է:

– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի գործընթացում այս այցից հետո առաջընթաց կարելի՞ է սպասել: Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված Սերգեյ Լավրովի այցից առաջ երեք ռազմագերու վերադարձը, և ինչու՞ է գերիների վերադարձի հարցն այսպես ձգձգվում:

– Ակնհայտ է, որ այս հարցն Ադրբեջանն անուղղակիորեն օգտագործում է որպես լծակ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ, որովհետև հասկանալի է, որ գերիների վերադարձի ձգձգումը հասարակության որոշ շրջանակների մոտ հակառուսական տրամադրություններ է առաջացնում, քանի որ նրանք կարծում են, որ եթե Ռուսաստանը ցանկանար, գերիները վաղուց վերադարձված կլինեին:

Հետևաբար խաղն այստեղ բազմակողմ է, և այս խնդրի լուծման երկարաձգումը Ադրբեջանի ռազմավարությունն է: Արդյոք երեք գերու վերադարձը, այսպես կոչված, բարի կամքի դրսևորո՞ւմ էր Լավրովի՝ Հայաստան այցելությանն ընդառաջ, արդյոք մինչև Լավրովի Բաքու մեկնելը մի քանի գերի կվերադառնա՞ն՝ դժվարանում եմ ասել: 

Հնարավոր է, որ կապ կա, որովհետև գերիների հարցով նաև այլ խմբեր են աշխատում: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ կոչ արեց վերադարձնել գերիներին, հումանիտար խնդիրների մասին խոսել էին նաև Մակրոնն ու Պուտինը ապրիլի 26-ի հեռախոսազրույցում, ունեցանք ԵԽԽՎ 121 պատգամավորի նամակը այս առնչությամբ, Եվրամիության հայտարարությունը կա: 

Այս բոլոր գործընթացները միասին վերցրած՝ նպաստում են գերիների վերադարձին, հիմա դժվար է ասել՝ դա պայմանավորված էր միայն Լավրովի այցելությա՞մբ, թե՞ տարբեր գործոնների համախումբ է: 

– Պարո՛ն Պողոսյան, այս կառույցների ակտիվությունը պաշտոնական Մոսկվային անհանգստություն պատճառո՞ւմ է:

– Եթե նկատի ունենանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, պետք է ֆիքսել, որ այդ հայտարարությունները ստորագրված են երեք համանախագահների կողմից, և բացառված է, որ Ռուսաստանը չցանկանար նման հայտարարություններ հրապարակել, ու նրան ստիպեին կամ համոզեին, որ ստորագրեր դրանց տակ: Այս հայտարարությունները որոշակիորեն տեղավորվում են նաև Ռուսաստանի քաղաքականության մեջ:

– Հայ ռազմագերիների հարցն ընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում, այս առումով Ռուսաստանն անհանգստանալու պատճառներ ունի՞:

– Պետք է ընդգծել, որ այդ մարմինը, այո՛, կարևոր է, սակայն որևէ գործընթացի վրա ուղղակի ազդեցություն չունի, այն ավելի շատ խորհրդատվական ու քննադատական բնույթի գործողություններ է ծավալում: Ասել, որ այս փաստը Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ճիշտ չի լինի:

ԵԽԽՎ-ն հարց լուծող մարմին չէ, ավելի շատ, կարելի է ասել, մի տեսակ քարոզչական մարմին է, որն օգտագործվում է այս կամ այն պետության դեմ քարոզչական արշավ անելու համար: Բայց հիմա Ռուսաստանի դեմ Արևմուտքում այնպիսի մեծ քարոզչական արշավ կա, որ չեմ կարծում, թե ԵԽԽՎ-ում Արցախի հարցի քննարկումն էականորեն կանհանգստացնի Ռուսաստանին:

– Պարո՛ն Պողոսյան, Արևմուտքի ու այս համատեքստում նաև ԱՄՆ-ի ակտիվությունը, ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են Հայաստանի համար նպաստավոր պայմաններ ստեղծել կամ ցանկալի արդյունքների հիմք հանդիսանալ, օրինակ՝ նույն Արցախի, ռազմագերիների վերադարձի հարցի կարգավորման շրջանակներում:

– Եթե խոսում ենք ԱՄՆ-ի ակտիվության և նոր վարչակազմի վարած քաղաքականության մասին, առայժմ մի քանի հիմնարար փաստաթուղթ է հրապարակվել, որոնց համաձայն Ռուսաստանն ու Չինաստանը համարվում են ԱՄՆ-ի շահերի հիմնական սպառնալիք: Թե ի՛նչ զարգացումներ կլինեն ռուս-ամերիկյան հարաբերություններում, հնարավոր կլինի ինչ-որ չափով գնահատել միայն հունիսին նախատեսված Պուտին-Բայդեն գագաթնաժողովից հետո: 

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, չեմ կարծում, թե մեր շահերից է բխում, որ այն դառնա ռուս-ամերիկյան հակադրության ևս մեկ կողմ, դժվար թե դա մեզ որևէ օգուտ բերի, որովհետև այդ դեպքում ԱՄՆ-ն փորձելու է Հայաստանում և Արցախում Ռուսաստանի դերը նվազեցնել, բայց հստակ է, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այդ երաշխավորը Ռուսաստանն է: 

Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող ազդել Ռուսաստանի և ԱՄՆ-ի որոշումների վրա, բայց կարող է ու պետք է ամեն կերպ ազդակ հղի, որ Հայաստանի և Արցախի կենսական շահերից է բխում, որ Արցախը չդառնա ռուս-ամերիկյան հակամարտության օջախ:

– Առկա իրավիճակում հնարավո՞ր է խոսել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին, թե՞ դեռ վաղ է:

– Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, նրանք չեն պատրաստվում բանակցել Արցախի կարգավիճակի շուրջ: Արդյոք հնարավոր կլինի՞ Ադրբեջանին բերել բանակցությունների դաշտ՝ դժվարանում եմ ասել, բայց որ շատ բարդ է լինելու՝ պարզ է, ուստի խոսել մոտ ապագայում բանակցությունների վերսկսման մասին շատ դժվար է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն անելու է ամեն ինչ՝ բանակցությունները չվերսկսելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am