Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի քայլը դիտարկում է որպես «ներխուժում»

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերջին քայլերը դիտարկում է որպես «ռուսական ներխուժման սկիզբ»։ «Արմենպրես»ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայների հայտարարությանը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն արվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հայտարարության հաջորդ օրը։

«Մենք հավատում ենք, որ այո, սա ներխուժման սկիզբ է: Եվ դուք արդեն ականատես եք եղել մեր պատասխանին, որը, ինչպես ասացինք, կլինի հետևողական և կոշտ», – ասել է Ֆայները մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության վերջին քայլերը։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունները հայտարարել են քաղաքացիների Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Տարհանումը առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։ Ինչպես հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին հարձակում սկսել Դոնբասում, իրականացնել ԿԺԴՀ և ԼԺՀ ներխուժման պլան։ Փետրվարի 19-ին, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, այնուհետև դիմել են Ռուսաստանին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անվտանգության խորհրդի նիստից հետո դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և հայտարարել, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը, ոչ մի օր չի անցնում առանց հրետակոծության, խաղաղ բնակիչների սպանություններն ու շրջափակումը չեն դադարում։ Ինչպես հայտարարել է նախագահը, Դոնբասում հետագա արյունահեղության դեպքում ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի վրա։ Նախագահը Կրեմլում հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկը անկախ ճանաչելու մասին: