Երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի արձագանքը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությանը

Ցավով ծանոթացանք երկխոսության ընթացքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը. ցավով, որովհետև այն նախ և առաջ հարվածեց` մինչ օրս համատեղ աշխատանքի ընթացքում մեր գործընկերների հանդեպ ձևավորված վստահությանը. մի բան, որ իրապես ձեռքբերում էինք համարում: Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ:

Մենք` քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդվի ՀԱԿ-ի որդեգրած գործելաոճով և ՀԱԿ պատվիրակությանը չենք վերագրի հորինված պարտավորություններ: Իսկ ակնհայտ ստին կպատասխանենք ընդամենը մեջբերում անելով օգոստոսի 23-ի հանդիպումից անմիջապես հետո մեր աշխատանքային խմբի ղեկավարի խոսքից. «Ի պատասխան հարցին՝ արդյոք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, պարոն Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ մենք իրավական պրոցեսին ամենևին չենք ներգրավվում, ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում, և վստահություն ենք հայտնել, որ այն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել` բոլորի նկատմամբ ոչ խտրականե /«Առավոտ», 24.08.2011թ./: Սա հենց այն դեպքն է, երբ մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:

Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում և չենք էլ կապելու այս կարևոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է:

Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, և մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարևոր քաղաքական գործընթացը»:

© Medialab.am