Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բանկային հաշվի վրա

Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բանկային հաշվի վրա
Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բանկային հաշվի վրա

Լրագրող Խադիջա Իսմայիլը չի կարողանում ստանալ Ադրբեջանի կառավարությունից իրեն հասնող փոխհատուցումը, քանի որ հարկերի նախարարությունը կալանք է դրել նրա բանկային հաշվի վրա։ Լրագրողի փաստաբանն ասում է, որ Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցման ստացման բոլոր խոչընդոտներն ապօրինի են։ Հարկերի նախարարությունն ու Կենտրոնական բանկը մեկնաբանություններ չեն անում, գրում է Բի-Բի-Սին։

Ո՞վ է Խադիջա Իսմայիլը

Խադիջա Իսմայիլն ադրբեջանցի լրագրող է, որը հայտնի է իր աղմկահարույց հետաքննություններով և իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությամբ։

2015թ-ին նրան դատապարտեցին 7.5 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու, հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքը չարաշահելու համար։ 2016թ-ին ազատազրկումը փոխարինեցին պայմանական պատժով։

Մինչ Խադիջա Իսմայիլը բանտում էր, միջազգային կազմակերպությունները պահանջում էին նրան ազատ արձակել՝ համարելով, որ նրա կալանքը քաղաքական ենթատեքստ ունի։

Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը

Դեռևս 2013թ-ի հունվարին Խադիջա Իսմայիլը ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ և տուգանվել։ Նա հրաժարվել էր վճարել, այդ ժամանակ նրան դատապարտել էին հանրային աշխատանքների։ 2017 թ-ի ապրիլին Եվրոպական դատարանը դա ճանաչել էր որպես խախտում և Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել Իսմայիլին 6 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում և 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Ինչո՞ւ է կալանք դրվել հաշվի վրա

Խադիջա Իսմայիլի փաստաբան Ֆարիզ Նամազլին կարծում է, որ հաշվի վրա կալանք կարող էր դրվել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Սակայն նույնիսկ դա չպետք է խոչընդոտ դառնա փոխհատուցման վճարման համար։

Նամազլին մտադիր է դիմել Եվրախորհրդի նախարարների կոմիտե։

Խադիջա Իսմայիլի խոսքով՝ կալանքի վրա հաշիվ է դրվել դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 11-ին այդ նույն հաշվին փոխանցվել է փոխհատուցման գումարը (մոտ 7 հազար դոլար)։

«Ստացվում է, որ ազգային բանկը, խախտելով գաղտնիությունն, իմ հաշվի մասին տեղեկություններ է տրամադրել հարկերի նախարարությա՞նը։ Թե՞ դրա հեղինակը նախագահի աշխատակազմն է», – ասում է լրագրողը։

Աղբյուրը՝ https://jam-news.net