Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին

Հինգշաբթի օրը Armani Group ընկերությունը հայտարարեց իր հիմնադրի և ստեղծարար ոգու՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին։ Դիզայները 91 տարեկան էր։

«Անսահման ցավով Armani Group-ը հայտնում է իր ստեղծողի, հիմնադրի և անսպառ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Արմանիի հսկայական ժառանգության մեջ էին Giorgio Armani և Emporio Armani հագուստի գծերը, բարձր նորաձևության Armani Privé-ը, ինչպես նաև Armani Casa ինտերիերի և դիզայնի բրենդը։

Բրիտանական «Գարդիանը» գրում է՝ վերջին ամիսներին դիզայները բաց էր թողել իր երեք նորաձևության շոուները հիվանդության պատճառով։ Նա նախատեսում էր մասնակցել բրենդի 50-ամյակի միջոցառումներին այս ամիս, ներառյալ Միլանի Pinacoteca di Brera թանգարանում նախատեսված ցուցահանդեսին։

Ջորջիո Արմանին, որը 1975 թվականին ներկայացրեց իր առաջին հավաքածուն, համարվում է «բլեյզերի թագավորը»․ նա փոխեց կոստյումի ավանդական կառուցվածքը՝ առաջարկելով ավելի փափուկ ու հոսուն ձևեր։ Նույն սկզբունքը նա կիրառեց նաև կանանց հագուստում՝ ազատելով շատերին անհարմար ու չափազանց մարմնին կպչող սիլուետներից։ Նրա մոխրագույնի և բեժի գունապնակը դարձավ «խաղաղ շքեղության» խորհրդանիշ։

Արմանիի դիզայնը միջազգային հռչակ ստացավ հատկապես այն ժամանակ, երբ 1980-ին Ռիչարդ Գիրը «American Gigolo» ֆիլմում կրել էր նրա ստեղծագործած հագուստները։ Դրանից հետո Armani-ն դարձավ Հոլիվուդի աստղերի անբաժան ուղեկիցը․ Դայան Քիթոնը, Ջոդի Ֆոստերը, Ջուլիա Ռոբերտսը և շատ ուրիշներ ընտրում էին նրա հագուստները ամենամեծ կարմիր գորգերի համար։

Արմանիի ապրանքանիշը տարիների ընթացքում ընդլայնվեց՝ ներառելով հյուրանոցներ, ռեստորաններ, ակումբներ, կոսմետիկա և նույնիսկ շոկոլադ։ Միայն 2021 թվականին Armani ապրանքանիշը շուրջ 3.5 միլիարդ ֆունտ է եկամուտ բերել։

Նա միշտ շեշտում էր իր անկախությունը և հրաժարվում էր միանալ խոշոր նորաձևության կոնգլոմերատներին՝ անկախությունը համարելով «կարևոր արժեք»։

«Կուզենայի, որ ինձ հիշեն որպես անկեղծ մարդ։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասել էր դիզայները 2022 թվականի հարցազրույցում։