Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում. «Երևի այդպես էլ մարդիկ ինքնասպանություն են գործում»

Այդ օրը ոչ մի սենսացիոն նորություն չկար: Նորություն չկա, չկա նաև աշխատանք, և ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ տուն գնամ: Սակայն այդ պահին մի նորություն հայտնվեց, ընդ որում, հանրության սիրած թեմայով՝ սեքսուալ սկանդալ:

Ինձ զանգահարեց ոչ կառավարական կազմակերպության ծանոթ ղեկավարը և ասաց, որ մի կնոջ օգնություն է պետք:

№45 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Զիաֆեթ Նաբիևան չէր հրաժարվում անունը նշել, ինչն անսովոր էր այդպիսի դեպքերում: Սակայն հանդիպել հրաժարվեց, դրա համար համարձակությունը չհերիքեց: Մենք խոսում էինք հեռախոսով, սկզբում նա ձայնով լացում էր, իսկ ես երկար սպասում էի, որ նա հանգստանա:

«Ես 50 տարեկան եմ, արդեն երկար տարիներ ուսուցչուհի եմ աշխատում: Երբեք հետս նման խայտառակություն չէր եղել: Նրանք ասում են, որ տեսանյութ ունեն, ես ինքս էլ եմ այն տեսել, 50 վայրկյան է: Այնտեղ ոչ մի արտառոց բան չկա, դասարանում ուրիշ երեխաներ էլ կան»:

Տեսանյութում, Զիաֆեթ Նաբիևայի խոսքով, իր նախկին աշակերտուհի Ադիլիան (անունը փոխվել է – հեղ.) մոտենում է իրեն և համբուրում այտը: Տեսանյութը փոխանցել են դպրոցի տնօրենին աղջկա ծնողները՝ պնդելով, որ ուսուչուհին և իրենց աղջիկն ինտիմ հարաբերությունների մեջ են: Նաբիևան այդ իրավիճակից այլ ելք չի տեսել, քան դիմել ոչ կառավարական կազմակերպությանն ու մամուլի օգնությանը:

«Ադիլիան մեր դպրոցում էր սովորում, ինձ սիրում էր որպես ուսուցչի, և ես եմ նրան սիրում, ինչպես իմ մնացած աշակերտներին: Իսկ հիմա մեզ մեղադրում են մի հարաբերությունների համար, որոնք անգամ մտքին չեն գալիս: Տնօրենն ինձ առաջարկում է այլ դպրոց տեղափոխվել: Սակայն ինչո՞ւ ես պետք է հեռանամ կեղծ մեղադրանքների պատճառով»:

Զիաֆեթ Նաբիևան չի բացառում, որ իր տեղն ուզում են նոր ուսուցիչ վերցնել:

Ես զանգահարում եմ դպրոցի տնօրենին և խնդրում ցույց տալ այդ տեսանյութը, կտրուկ հրաժարվում է: Դպրոցի տնօրեն Նազիլիա Մամեդովան ասում է, որ փոխանցել են կրթության նախարարությանն ու Բաքվի Կրթության վարչությանը: Երբ փորձում ես պարզել, թե ինչպես է ընթանում գործը, երկու կառույցներն էլ հայտարարում են, որ «քննություն է ընթանում»:

Ամիսներ անցան, սակայն պաշտոնական կառույցներից այդ քննության արդյունքների մասին հստակ պատասխան ստանալ չհաջողվեց: Նաբիևան, իրավիճակը չվատթարացնելու համար ընդունել է այլ դպրոց տեղափոխվելու առաջարկը և խնդրել է մեզ չանհանգստացնել իրեն:

Ամենաառաջին սկանդալը

Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում վերջերս կամ ավելացել են, կամ մամուլն է սկսել դրանց ավելի շատ ուշադրություն դարձնել: «Վեճը տնից դուրս չհանելու» դպրոցների ավանդական ցանկությունն ու ոստիկանություն չդիմելու տուժածների ցանկությունը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար ասել, որ բռնաբարության և ոտնձգության բնավ ոչ բոլոր դեպքերն են սկանդալներ դարձել:

Ամենաառաջին աղմկոտ սկանդալը տեղի է ունեցել 7 տարի առաջ: 2010 թ-ին № 294 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Շահին Յուսիֆովը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Ուսուցիչը բռնաբարել էր աշակերտուհուն նրա տանը եղբոր աչքի առջև և դա հեռախոսով նկարել էր:

15-ամյա աշակերտուհին ուսուցչից երեխա ունեցավ

Վերջին տարին նմանատիպ տհաճ սենսացիաների առումով հատկապես «բերքառատ էր»:

Շամախիի շրջանի Փիրբեխլի գյուղի ուսուցիչ Էլնուր Իբրահիմովը ինտիմ կապի մեջ է եղել 15-ամյա աշակերտուհու հետ: Արդյունքում աղջիկը երեխա լույս աշխարհ բերեց և միանգամից հրաժարվեց նրանից: Երեխային մանկատուն տվեցին: Էլնուր Իբրահիմովն ու նրա ընտանիքը պնդում են, որ իրենց զրպարտել են:

Շամախիի շրջանային դատարանի որոշման համաձայն՝ Էլնուր Իբրահիմովը 2,5 տարով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, 5,5 տարով ազատազրկվել:

Պատիժը

Ինչպես բացատրել է իրավաբան Մալահաթ Նաբիևան, սեռական հարաբերությունն ու սեքսուալ բնույթի այլ գործողությունները, որոնք իրականացվել են 16 տարեկանը չլրացած անձի կողմից, պատժվում են մինչև 3 տարվա ազատազրկմամբ: Եթե տուժածի 14 տարեկանը չի լրացել, կալանքի ժամկետը կարող է 3-6 տարի հասնել: Դաստիարակների, ուսուցիչների և բժիշկների համար ժամկետներն ավելի շատ են՝ 4-7 տարի»:

Նաբիևան ասում է, որ զոհերը հազվադեպ են ոստիկանություն դիմում. «Բռնության զոհն առաջին հերթին վախենում է հասարակական քննադատությունից: Նախևառաջ նա խնդրի մասին չի պատմում՝ խուսափելով իր շրջապատի, հարազատների, աշխատակիցների արձագանքից: Օրինակ, Շամախիում ամեն ինչ պարզվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ աշակերտուհու հղիության մասին: Եվս մեկ պատճառ է նման դեպքերում այդ հարցին ոստիկանության վերաբերմունքը: Այսինքն՝ տուժածը ոստիկանության աշխատակիցներից ըմբռնում չի սպասում»:

Հոգեբանական թեստն ուսուցիչների համար «լռվել է»

Բռնության և սեքսուալ սկանդալների փաստերի առթիվ կրթության նախարարությունն արձագանքում է մեղավորի հեռացմամբ կամ նրան այլ դպրոց տեղափոխում: Մեր հարցմանը պատասխանեցին, որ յուրաքանչյուր դեպք հետաքննվում է համապատասխան կառույցների կողմից, և միջոցներ են ձեռնարկվում:

Կրթության ոլորտի փորձագետ Քյամրան Ասադովը որպես իրավիճակից ելք տեսնում է մանկավարժների և տնօրենների համար հոգեբանական թեստեր անցկացնելու մեջ: Նմանատիպ նախագիծ գործում է 2006թ-ից, այն նախապատրաստվել է Բաքվի Կրթության վարչության կողմից և ներկայացվել նախարարների կաբինետին, սակայն այնտեղ էլ մնացել է:

Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն նույնպես ստանդարտ ձևակերպմամբ է պատասխանում. այդ հարցերը հետաքննվում են համապատասխան կառույցների կողմից (կրթության նախարարություն, դատախազություն):

«Աղջիկներին թույլ չեն տա դպրոցում սովորել»

«Մաքուր աշխարհ» կազմակերպության ղեկավար Մեհրիբան Զեյնալովա.

«Դպրոցներից նման «նորությունները» կարող են բերել նրան, որ ծնողներն ավելի շատ կսկսեն վախենալ աղջիկներին դպրոց ուղարկել: Եվ դա՝ ի հավելումն վաղաժամ ամուսնությունների խնդրին»:

Ընդհանուր, հասարակությունն անհանգստացած է: «Եթե մենք երեխաներին նույնիսկ դպրոցներ չենք կարող հանգիստ թողնել, ի՞նչ է դա» – ասում է երկու աղջիկների մայր Սևդա Ջումաևան:

Այնուամենյանիվ, նույն այդ հասարակությունը, որպես կանոն, քննադատում է տուժած կողմին: Օրինակ, ամենավերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Բեյլագանում, երբ 17-ամյա աղջկան նրա ընկերը շանտաժի միջոցով ստիպել է ինտիմ կապ ունենալ իր հետ, իսկ դրանից հետո՝ ևս 3 հոգու հետ, և դա հեռախոսով նկարահանել է: Տեսանյութն ինչ-որ կերպով մամուլում է հայտնվել և սկանդալ է տեղի ունեցել: Այն ուղեկցվում էր սոցցանցերում քննարկումներով, ընդ որում, շատ կասկածամիտներ հայտնվեցին, որոնք պնդում էին, որ այդ աղջիկն ու նրա ընտանիքը շանտաժի են ենթարկել բռնաբարություն իրականացրածներին, իսկ տեսանյութն ի հայտ եկավ միայն այն պատճառով, որ «նրանց քիչ են վճարել»:

Այսպես թե այնպես, խնդրի բարձրաձայնման արդյունքում իշխանական կառույցները սկսեցին լրջորեն զբաղվել. այժմ երկու կասկածյալներ կալանավորվել են, ևս երկուսը ոստիկանության վերահսկողության տակ են: Այդ մասին հաղորդել է Բեյլագանի պատգամավոր Շահին Իսմայիլովը:

Ադիլիան՝ աղջիկը, որն իբրև նկատվել է ուսուցչուհու հետ ինտիմ կապի մեջ, արդեն ավարտել է դպրոցը: Եվ չնայած նրա դեպքում բռնություն չի եղել, միայն զրպարտություն և կասկածներ են եղել, Ադիլիայի համար այդ դեպքերը ծանր տրավմա են դարձել: «Ես կարող էի բոլորի ատել, լավ է, որ ինձ հավատացին: Այլապես սարսափելի է մտածել, թե ինչ կկատարվեր հետս: Երևի մարդիկ այսպես էլ ինքնասպանություն են գործում»:

«Ես գնացի», – ասում է նա և հեռանում՝ չսպասելով մեր պատվիրած թեյին: Երևի նրան դեռ շատ ժամանակ պետք կլինի այդ ամենը մոռանալու համար:

Աղբյուրը՝ JAMNEWS