Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց նշանակելու մասին. գրում է canada.ca-ն:
Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և երկու երկրների ժողովուրդների սերտ կապերի վրա՝ Կանադան պարտավորվում է համագործակցել Հայաստանի հետ՝ երկրում հետագա ժողովրդավարական առաջընթացի գործում, ինչը մեծ կարևորություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի այն տարբերակները, թե Կանադան ինչպես կարող է խթանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, ընդլայնել բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և նպաստել տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության:
Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ: Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
Աղբյուր՝ Factor.am