Մերկելի դիմանկարը 85 տոկոսով ավելացրել է Բոդե թանգարանի այցելությունները

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նոր դիմանկարը Բեռլինի Բոդե թանգարանի համար անսպասելիորեն դարձել է այցելուների մեծ հոսք ապահովող ցուցանմուշ։ DW-ն, հղում անելով dpa-ին, գրում է, որ դիմանկարի ցուցադրությունից հետո թանգարանի օրական այցելությունների թիվը հունիսի համեմատ աճել է միջինը 85 տոկոսով։

Այս պահին թանգարան օրական այցելում է շուրջ 900 մարդ։ Թանգարանային կղզու ներկայացուցիչը նշել է, որ դեռ դժվար է ասել՝ այս հետաքրքրությունը երկար կպահպանվի՞, թե՞ ոչ։

Մերկելի դիմանկարը ներկայացվել է Բոդե թանգարանում հուլիսի 1-ին։ Այն նկարել է ֆրանս-գերմանա-կանադացի նկարիչ Ժերեմի Քեյրասը։ Կտավում Գերմանիայի նախկին կանցլերը պատկերված է կապույտ բլեյզերով՝ ոսկեդարչնագույն ֆոնի վրա։

Ցուցադրության առաջին օրերին բազմաթիվ այցելուներ հատուկ եկել են հենց Մերկելի դիմանկարը տեսնելու համար և թանգարանի աշխատակիցներին հարցրել են՝ որտեղ է այն գտնվում։

Դիմանկարը Բոդե թանգարանում ցուցադրվելու է մինչև հոկտեմբերի 4-ը, որից հետո այն ժամանակավոր օգտագործման կհանձնվի Գերմանիայի կանցլերությանը։ Այն պետք է համալրի կանցլերության դիմանկարների շարքը, որտեղ ներկայացված են Գերմանիայի նախկին ղեկավարները։