Շարային հրահանգավորում ՀՀ ոստիկանությունում. Տեսանյութ

Հունիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անցկացրեց շարային հրահանգավորում:

Հրահանգավորմանը մասնակցում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, շտաբի, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կրթահամալիրի և ոստիկանության կենտրոնական վարչակազմի այլ ստորաբաժանումների ծառայողներ, որոնք պետք է ներգրավվեն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նպատակով իրականացվող արտակարգ ռեժիմով ծառայությանը։

Ոստիկանության պետի տեղակալը անձնակազմին հրահանգեց լինել աչալուրջ, օրենքի տառին համապատասխան արձագանքել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման ցանկացած դեպքի և իրականացնել Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Հայկ Մհրյանը, կոնկրետ հանձնարարականներ տալով, ընդգծեց, որ կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ներգրավումը արտակարգ ռեժիմով ծառայությանը` պետք է բարձրացնի ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը, ինչի անհրաժեշտությունը բխում է ստեղծված իրավիճակից։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։