ԿԽՄԿ-ն Ադրբեջանի իշխանություններից ստացել է տեղեկություն 100 զինծառայողի մարմին հայկական կողմին միակողմանի փոխանցելու մասին. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից ստացել է տեղեկություն, որ իրենք պատրաստ են 100 զինծառայողի մարմին փոխանցել հայկական կողմին:

«Ադրբեջանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ մտադրություն ունեն միակողմանի փոխանցել մահացած զինծառայողների մարմինները Հայաստանի կողմին: Այս պահի դրությամբ մենք ունենք դրա մասին տեղեկություն: Միայն դա»,-«Մեդիալաբին» ասում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նա ընդգծում է՝ միևնույն ժամանակ այս հարցով իրենք երկխոսության մեջ են նաև Հայաստանի իշխանությունների հետ: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել միջնորդել նաև զոհված անձանց մարմինների փոխանցման հարցում»,- նշում է նա:

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ այս օրերին բազմաթիվ մարդիկ են այցելում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ՝ հայտնելու, որ իրենց հարազատ զինծառայողը գերության մեջ է, կամ ստանալու տեղեկություն՝ արդյո՞ք հարազատ զինծառայողը գերության մեջ է:

«Մարդիկ, որոնք կասկածում են, որ իրենց հարազատները գերեվարվել են, գալիս են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ կամ զանգահարում են: Մենք գրանցում ենք բոլոր հայտերը մանրամասն տվյալներով: Սա աշխատանքի կարևոր է փուլ է, որը հնարավորություն կտա լրացուցիչ այլ տեղեկություններ ունենալ և ճշտել մյուս կողմի հետ՝ արդյոք այս կամ այն տվյալներով անձն իրենց մոտ է, թե ոչ»,-ներկայացնում է Զառա Ամատունին:

Միաժամանակ, շատ հարազատներ, նրա խոսքով, տեսանյութի կադրի կամ լուսանկարի անորակ լինելու պատճառով շփոթում են կամ նմանեցնում իրենց հարազատ զինծառայողի հետ: Սակայն, ցանկացած դեպքում հարազատներից ստացվող տեղեկությունը, Ամատունու փոխանցմամբ, պետք է ճշտվի ադրբեջանական կողմի հետ:

«Ամեն դեպքում ցանկացած ինֆորմացիա զինծառայողի ծնողին փոխանցելու համար պետք է ճշտվի, համաձայնեցվի ադրբեջանական կողմի հետ: Բոլոր պատասխանները որ ունենանք, բնականաբար, առաջին հերթին կհաղորդենք զինծառայողի ընտանիքին, հարազատներին»,- նշում է նա:

Հարցին, թե, այդուհանդերձ, ԿԽՄԿ-ն կապ հաստատե՞լ է Ադրբեջանի իշխանությունների հետ, Զառա Ամատունին արձագանքում է. «Մենք շարունակաբար երկխոսության մեջ ենք: Այս պահին մենք Ադրբեջանի իշխանությունների կողմից ստացել ենք հաստատումներ, որ իրենք ունեն պահվող անձինք»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am