«Հիմա պետք է տեմպերն ավելի ուժեղացնենք և կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոնկրետ կազմակերպենք, որպեսզի արդյունքը շոշափելի լինի». Վահրամ Բաղդասարյան

«Հիմա պետք է տեմպերն ավելի ուժեղացնենք և կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոնկրետ կազմակերպենք, որպեսզի արդյունքը շոշափելի լինի». Վահրամ Բաղդասարյան
«Հիմա պետք է տեմպերն ավելի ուժեղացնենք և կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոնկրետ կազմակերպենք, որպեսզի արդյունքը շոշափելի լինի». Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդասարյան, այս շաբաթ կառավարության  նիստը վարեց Սերժ Սարգսյանը։ Իր ելույթում նա նորից վստահություն և աջակցություն հայտնեց Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Նա անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարում նոր համակարգի ներդմանը՝ նշելով. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ ենք ներդնում և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»։ Ի՞նչ նոր մեթոդների մասին է խոսքը։

-Այդ ամենն արտացոլված էր կառավարության ծրագրում, դրանք բոլորը նոր մեթոդներ են և նոր ձևերով պետք է մոտեցումները կատարվեն։

-Այդ դեպքում ի՞նչ կարիք կար գնալ կառավարություն և նորից շեշտել այդ մասին։

-Սա պրակտիկա է։ Բոլոր տարիներին նոր ձևավորվող կառավարության, նոր ձևավորվող Ազգային ժողովի դեպքում նախագահն այց է կատարում,  նիստը վարում և իր ուղերձը հղում։ Նայեք ամբողջ տարեգրությունը։ Եվ հիմա հերթական կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո կառավարության  նիստին նախագահը պարտադիր ներկա է լինում, ինչպես նաև ԱԺ-ում։

-Իսկ ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին, երբ ասում էր.«Եթե հեշտ լիներ, ամեն ինչ վաղուց արած-պրծած կլինեինք», փոխարենը Կարեն Կարապետյանն էլ հակադարձում է, որ լավ է պատկերացնում, որ հեշտ չի լինելու, բայց իր թիմի հետ տրամադրված է վճռական:

-Ընդհակառակը, ես կասեի, որ վարչապետի ուժերն է արժևորում, որովհետև այն բեռը, որ այսօրվա կառավարությունը և քաղաքական թիմը դրել է իր ուսերին, դրա իրագործման համար մեծ ջանքեր են պահանջվու: Խոսքը դրա մասին էր։

-ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարության հետ կապված իշխանությունը շարունակում է նշել, որ մնում է իր դիրքորոշմանը: Արդյոք ճի՞շտ եք համարում միլիոնավոր եվրոներ վերցնել և նման քննադատական գնահատականներ հնչեցնել, որքան հնչեցրեց իշխանությունը:

-Մենք այդ թեման արդեն փակել ենք: Երբ ինքը կտա նոր հայտարարություն, մենք այդ հայտարարությանը կանդրադառնանք:

-Հնարավո՞ր է՝ այս ամենը խոչընդոտ հանդիսանա Հայաստան –ԵՄ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի կյանքի կոչման համար:

-Չի կարող որևէ ստվեր գցել: Մենք պետք է համագործակցությունը սերտացնենք Եվրոպայի հետ, պետք է բանակցությունները շարունակենք, և որևէ բան չի կարող խոչընդոտել:

-Պարոն Բաղդասարյան, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան: Ի վերջո բազմաթիվ էին նման մարմինները մեզանում, սակայն զրո արդյունք է գրանցվել:

-Չեմ կարծում, որ արդյունք չի եղել, արդյունք եղել է, բայց մեզ չի բավարարել: Հիմա պետք է տեմպերն ավելի ուժեղացնենք և կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոնկրետ կազմակերպենք, որպեսզի արդյունքը շոշափելի լինի։ Բացի այդ, առաջին անգամ մեկ տեղ տրվել է ընդդիմությանը այդ  խորհրդում: Բնականաբար, մենք լավատես ենք, և կարծում ենք ավելի արդյունավետ  աշխատանք պետք է լինի:

-Լավատես եք և սպասումներ ունեք նաև այս կառավարությունի՞ց:

-Մենք առայժմ հիմքեր չունեն, որ որևէ վատատեսական ենթադրություններ անենք: Կաշխատեն, կտեսնենք, կտանք գնահատականներ:

-2018-ին կտա՞ք այդ հստակ գնահատականը:

-Մեր գնահատականները միշտ հստակ են նաև կառավարության աշխատանքի հետ կապված:

-Ինչո՞ւ են միշտ պատժվում մանր «ձկները», խոշորները մնում արտոնյալ:

-Ես այդ տերմինալոգիային համաձայն չեմ: Ինձ համար բոլորը հավասար են: Եվ հարկավոր է, որ ով նման ոտնձգություն թույլ տա, իր համապատասխան պատիժը ստանա:

-Անգամ եթե իշխանության բարձրաստիճան պաշտոնյա՞ է:

-Անկախ նրանից, թե ովքեր են նրանք:

-Այս տարիներին նմանատիպ բազմաթիվ բացահայտումներ եղան, բայց մենք տեսնում ենք, թե որտեղ են նրանք: Նրանցից մի քանիսը անգամ պատգամավոր դարձան: Իշխանությունը ներում է նրանց, ինչո՞ւ:

-Ներման նման փաստ ես չունեմ, բոլորն իրենց արժանի պատիժը ստացել են և պետք է ստանան:

Մանե Հարությունյան

MediaLab.am