Ամասիայում ՔՊ-ականները հրաժարվեցին իշխանության մաս կազմելուց․Factor.am

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում  Տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ չեն անցկացվի,  իշխանություն կձևավորվի առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, գրում է Factor.am-ը։

ՏԻՄ ընտրություններում վեց մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից։

Քիչ առաջ ավարտվել է թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նիստը․ արդյունքում 9 մանդատ է բաշխվել,  6-ը՝ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։

«ՔՊ-ականների գրանցումը համարվեց ուժը կորցրած՝ իրենց դիմումների համաձայն։ Ամասիայում  նոր ընտրություններ միանշանակ չեն լինելու»,-տեղեկացրեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ամասիայում պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի թեկնածուն Մերգել Ղարիբյանն է՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որի թեկնածուն Ամասիա խոշորացված համայնքի 71-ամյա ղեկավար Ջեմմա Հարությունյանն է և  ՀՀԿ-ն, որի թեկնածուն էլ  վերջինիս տեղակալն է՝ Արթուր Մկրտումյանը։

Մերգել Ղարիբյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ համայնքապետը պիտի լինի ՔՊ-ից, քանի որ ամենաշատ ձայները հավաքել է այս քաղաքական ուժը։ Մանդատներից հրաժարվելը կապված էր համայնքապետի պաշտոնի շուրջ  տարաձայնություններով։