Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Կրեմլում նախատեսվում է տետ-ա-տետ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը։
«Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպում՝ տետ-ա-տետ, իսկ Ռուսաստանի Դաշնության անունից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցի պատվին կմատուցվի պաշտոնական ընթրիք»,- նշել է խոսնակը։
Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղազախական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռազմավարական համագործակցության խորացման, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացման ուղղությունները։ Բացի այդ, օրակարգում են տարածաշրջանային և գլոբալ թեմաներ։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։



















