Վարչական ռեսուրսի կիրառմամբ այս ընտրություններն արդեն իսկ կեղծվում են Նիկոլ Փաշինյանի կողմից. Հովսեփ Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, ըստ որի՝ վարորդական իրավունքից զրկվելու մեկ տարին լրացած քաղաքացիները կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը, քննարկումներն ու հակասական գնահատականները չեն դադարում։ Մի շարք քաղաքացիներ և քաղաքական ուժեր այն արդեն որակում են որպես նախընտրական քայլ կամ նույնիսկ ընտրակաշառք։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս առաջարկին և ընդհանրապես ընթացող նախընտրական քարոզարշավին։

– Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է բնորոշել մեկ բառով՝ քաոս, իսկ այդ որոշումը դրա շրջանակներում է, այս կառավարությունը պատրաստ է կատարելու ցանկացած քաոսային որոշում, միայն թե հաճոյանա ընտրողների աչքին: Այս առաջարկը, ինչպես և թոշակ բարձրացնելը, զինծառայության ժամկետը կրճատելը, առողջության ապահովագրությունը և այլն, ընտրողներին կաշառելու միջոցներ են: 

Ուշագրավն այն է, որ 4 հազար մարդ, որ զրկվել է վարորդական իրավունքից, եղել է նաև խմածության հետևանքով, իսկ խմածության հետևանքով վթարների դեպքում մահվան դեպքերը մի քանի անգամ ավելի շատ են: Այս պարագայում նման մարդկանց ուղղակի ներելն անթույլատրելի է, սա քաոսի է վերածելու առանց այն էլ քաոսային վիճակում գտնվող երթևեկությունը: Սա և՛ ընտրակաշառքի դրվագ է, և՛ կառավարումից գաղափար չունենալու վկայություն: 

Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա արդեն հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի այցեըը մարդկանց չեն հուզում, նրանք չեն ուզում տեսնել Փաշինյանին, ու մեծ դժգոհություն կա նրա կառավարման շրջանից: Մեկ շաբաթ էլ չդիմացավ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի մեկնարկից ու անցավ վիրավորանքների: 

Սա նպատակ ունի բևեռացնելու ընտրական պրոցեսը, քանի որ հստակ է. եթե առողջ ուժերն են ստանում չկողմնորոշված ընտրազանգվածի վստահությունը, ապա նրա համար շատ դժվար է լինելու, իսկ եթե այդ վստահության մի մասը ստանում են խոցելի ուժերը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս բոլոր ուժերն էլ տեղավորվում են պրոռուսական ծիրում, իսկ Հայաստանը հիմա գտնվելով հակառուսականության ամենաբարձր կետում, սահմանափակում է այս ուժերի ձայներ ստանալու շանսը: Նիկոլ Փաշինյանը, բևեռացնելով ու այս ուժերին հիմնական ընդդիմություն սարքելով, սահմանափակում է մնացած առողջ ուժերին ու թույլ չի տալիս, որ քաղաքացիները վստահության քվե տան այդ ուժերին: 

– Դուք ասում եք ընտրակաշառք, բայց իշխանությունն ասում է, որ այդպես լիներ, ապա վաղուց դուք՝ ընդդիմադիրներդ, փաստերը կներկայացնեիք իրավապահ մարմիններին: Բացի այդ նշում են, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ համառ պայքար է մղում ընտրակաշառքի դեմ: Ինչո՞ւ չեք ներկայացնում այդ փաստերը: 

– Ինչո՞վ է համառ պայքար մղում՝ Թալին համայնքում ՔՊ թեկնածուի կողմից պետական բյուջեի հաշվին մարդկանց ընտրակաշառք տալո՞վ, թոշակները բարձրացնելով ու մարդկանց դա մատնացույց անելով, թե տեսեք` 10 հազարով բարձրացրել եմ թոշակները, թե՞ վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ: Դպրոցների ուսուցիչներին ստիպողաբար հանրահավաքների են բերում, դասապրոցեսը կանգնեցնում են, աշակերտներին իշխանական քարոզարշավին են բերում: Այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ ընտրությունները կեղծում են, ու դա մեծ հաջողությամբ իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

– Բայց ասում են՝ երեխաները մեզ սիրում են, մենք ի՞նչ անենք:

– Զեյթուն համայնքի թաղապետարանի աշխատողնե՞րն էլ էին սիրուց դրդված ու ինքնակամ աշխատանքային ժամին հանրային սննդի վայրերում ՔՊ-ի պաստառը փակցնում՝ դրանով նաև օրենք են խախտում, այն դեպքում, երբ տեսաձայնագրություններ կան, թե ինչպես են որոշ մարդկանց ստիպում, որ պաստառները փակցնեն իրենց խանութների վրա:

– Իսկ ինչո՞ւ չեք դիմում իրավապահ մարմիններին:

– Դուք մոռանում եք, որ Դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարները մեկ SMS-ով Նիկոլի կողմից ազատվում ու ընդունվում են աշխատանքի: Մի երկիր, որտեղ գոյություն չունեն հակակշիռների ու փոխզսպումների ոչ մի մեխանիզմ, կայացած արդարադատական համակարգ, ինչպե՞ս կարող են այդ մարմինները վերահսկել գործող կուսակցությանը, իհարկե չեն կարող, ու դա ուղղակի ծիծաղելի է, որ ասում են՝ ինչո՞ւ չեն դիմում: Որ այդքան գաղտնալսում են «Մեր ձևով» շարժման անդամներին, ՔՊ քանի՞ աջակցի են գաղտնալսել: 

– Պարո՛ն Ղազարյան, փաստորեն համաձայն չեք իշխանության այն պնդմանը, թե իրենց հաջողվել է երկրում կայացնել ազատ, անկախ ընտրությունների ինստիտուտը:

– Ինչպե՞ս, վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ: Նիկոլ Փաշինյանը 2017-2018-ին ամենաբարձրն էր գոռում ուսուցիչներին ու դպրոցները ընտրական գործընթացներից հեռու պահելու մասին, իսկ այսօր մարզպետները ստիպում են, որ դպրոցներում դասապրոցեսը կանգնեցվի, ու ստիպողաբար այդ մարդկանց քարոզարշավի են տանում, սա խայտառակության գագաթնակետն է: Հայտարարում է այլ բան, իսկ մյուս ձեռքով անում բոլորովին այլ բան: 

– Եթե չունեք վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ, այս պարագայում ինչպե՞ս է ապահովվելու ազատ, անկախ ընտրությունների գործընթացը:

– Այս ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կասկածի տակ են, որովհետև այս իշխանությունը կիրառում է արևմտյան հիբրիդային միջոցները: Եվրոպայից Փաշինյանը ստացավ հաստատ աջակցություն, ու ինձ համար դա միջամտություն է ընտրական գործընթացներին: Այս իշխանության օգտին են աշխատում նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց հայտարարություններով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am